Երեքշաբթի՝ 2012 թւականի հոկտեմբերի 2-ի առաւօտեան ժամը 9:30-ին, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն այցելեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան առաջնորդանիստ Վանքը: Նախարարին ընկերակցում էր Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը: Վանքում հիւրերին դիմաւորեցին հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչներ:
Հրանուշ Յակոբեանն սկզբում այցելեց Ս.Ա. Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցին ու թանգարանը, ուր նրան բացատրութիւններ փոխանցւեց եկեղեցու պատմական անցեալի եւ թանգարանում զետեղւած իրերի մասին: Թանգարան կատարած այցելութեան աւարտին, նախարարն իր տպաւորութիւնները գրանցեց թանգարանի յուշամատեանում, ապա Հայոց Ցեղասպանութեան Բիւրաւոր Նահատակների յուշարձանի առջեւ իր յարգանքի տուրքը մատուցեց անմեղ զոհերի յիշատակին:

Առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում պաշտօնական հանդիպում կայացաւ նախարարի, հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի եւ Սպահանի Հայոց Թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների միջեւ, որտեղ Թեմական Խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանն իր խօսքում կարեւորութեամբ ընդգծեց, որ Սփիւռքի նախարարութիւնը պէտք է առաւել աշխատանք կատարի Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնների ամրապնդման ուղղութեամբ: Նա բարի երթ մաղթելով նախարարին՝ շնորհակալութիւն յայտնեց նրան, որ Իրան ժամանելու կարճ ժամանակահատւածում, ընդառաջելով Թեմական Խորհրդի հրաւէրին՝ այցելեց Նոր Ջուղա: Հանդիպման աւարտին Հրանուշ Յակոբեանին նւիրւեց Ս. Ամենափրկչեան Վանքի պատկերով Սպահան քաղաքի ձեռարւեստին պատկանող մի յուշանւէր եւ «Պատմութիւն Նոր Ջուղայի» գիրքը:

Հրանուշ Յակոբեանի Նոր Ջուղա այցելութեան վերջին հանգրւանն եղաւ Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կրթահամալիրը: Նա առաւօտեան ժամը 11:30-ին այցելեց Կրթահամալիր, որտեղ հանդիպեց նախակրթարանի, «Արմէն», «Քանանեան» եւ «Կատարինեան» դպրոցների աշակերտ-աշակերտուհիներին ու պատասխանատուներին: Բակում համախմբւած ներկաները նախարարին դիմաւորեցին բուռն ծափողջոյններով: Ողջոյնի եւ բարիգալստեան խօսք ընթերցեց աշակերտուհի Մեղրի Ղուկասեանը, որից յետոյ, նոյնպէս ողջոյնի խօսքով, հանդէս եկաւ Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի ատենապետ Ջանսոն Աղաբաբայեանը՝ հակիրճ տեղեկութիւններ փոխանցելով Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների անցեալի եւ կրթական համակարգի մասին:

Ծրագրի շարունակութեան մէջ ելոյթ ունեցաւ նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա իր խօսքում շնորհակալական խօսք ուղղեց ծնողներին՝ իրենց երեխաներին հայոց դպրոց ուղարկելու, ուսուցիչներին՝ աշակերտներին կրթելու ու դաստիարարկելու եւ ազգային իշխանութեանը, Կրթական խորհրդին ու բարերարներին՝ իրենց ներդրումներով հայկական դպրոցներ կառուցելու եւ զարգացնելու համար: Շնորհակալական խօսք ուղղեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեանը՝ հայոց դպրոցների համար դիւրին պայմաններ ստեղծելու համար: Նախարարն իր խօսքի աւարտին աշակերտներին յորդորեց՝ սերտել լաւ եւ ջանասիրաբար, լաւ մարդ դառնալ եւ նւիրեալ հայ լինելով՝ հաւատարիմ մնալ հայկական արժէքներին:

Միջոցառման վերջին բաժնում աշակերտուհիներ Վանայ Շիրւանեանն ու Թանիա Մինասեանը կատարեցին «Մենք ենք ու սարերը մեր» հայրենասիրական զուգերգը:

Նախարարը բոլոր աշակերտների եւ ուսուցիչների հետ լուսանկարւլուց յետոյ, անցաւ կրթահամալրին կից Հայոց Ազգային Մանկապարտէզ-Նախակրթարան եւ մօտիկից ծանօթացաւ դպրոցին: Նա այցելեց նաեւ Կրթահամալիրի տարբեր բաժիներ:

Նախարար Հրանուշ Յակոբեանը մասնակցեց Կրթահամալիրի սարհում նախատեսւած ընդունելութեանը, որից յետոյ աւարտելով Սպահանի Հայոց Թեմ կատարած իր այցը՝ վերադարձաւ Թեհրան: