Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիռին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջահանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին:

Ընթացքում ծաւալւած զրոյցներում, հիւրերը շնորհաւորելով Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, դրւատանքի խօսք ասացին Շահինշահրի հայ համայնքի կապակցութեամբ՝ յատկապէս ընդգծելով՝ շահինշահրահայ համայնքի դերակատարութիւնը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում եւ զանազան այլ ասպարէզներում՝ որպէս Իրանի քաղաքացիներ: Նրանք գնահատեցին այն փաստը, որ Շահինշահրի հայ ժողովուրդը իրեն երբեք Իրանի ժողովրդից առանձին չի համարել:

Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը ողջունելով բարձրաստիճան հիւրերի ներկայութիւնը՝ իր, թեմի ազգային իշխանութեան եւ Շահինշահրի հայ համայնքի անունից շնորհակալական խօսք ուղղեց ներկայ պատւիրակութեանը՝ Շահինշահրի երկու փողոցները հայ նահատակների անւամբ անւանակոչելու կապակցութեամբ:

Արտայայտւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, ով ցաւակցական խօսք յայտնելով վերջին օրերի ընթացքում Իրանի ժողովրդի համար պատահած դժբախտութիւնների՝ գեներալ Սոլէյմանիի նահատակութեան եւ ուկրայնական ինքնաթիռի ողբերգական վթարի զոհերի կապակցութեամբ, եւ բարձր գնահատելով գեներալ Սուլէյմանիի գործունէութիւնը տարածաշրջանում, յոյս յայտնեց, որ 2020 թւականը բարեբեր տարի կը լինի բոլորի՝ յատկապէս Իրանի ժողովրդի համար:

Հանդիպման աւարտին յուշանւէրներ յանձնւեցին հիւրերին:

Թղթակից (Շահինշահր)