Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ, երկուշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 21-ի երեկոյեան նշւեց Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը: Արարողութեանը մասնակցում էր թեմի եկեղեցական դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում մատնանշելով ս. Յովսէփ Արիմաթացու կեանքն ու ամուր հաւատը, ինչպէս նաեւ նրա ջանքերը` Քրիստոսի դին խաչից իջեցնելու եւ թաղելու կապակցութեամբ, անդրադարձաւ 17-րդ դարին, Դաւիթ առաջնորդի օրօք կառուցւած «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցու պատմութեանը: Նա իր խօսքի շարունակութեան մէջ շնորհաւորեց տօնի առթիւ եւ կոչ արեց ներկաներին, որ զօրացնելով իրենց հաւատը, ս. Արիմաթացու նման ճշմարիտ քրիստոնեաներ դառնան ու իրենց նախնիների ուղին շարուկեն: 

Արարողութեան աւարտին ս. Յովսէփ Արիմաթացու աջով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն, որից յետոյ բոլորը համախմբւեցին վանքի բակում՝ եկեղեցու արեւմտեան մասում, ուր հոգեհանգստեան պաշտօն իրականացւեց վանքում պաշտօնավարած հոգեւորական ու աշխարհական ննջեցեալ սպասաւորների եւ եկեղեցու բարերարների հոգիների խաղաղութեան համար:

Թղթակից (Նոր Ջուղա)