Կազմակերպութեամբ Ն.Ջ. հայ մ.մ. «Արարատ» միութեան կենտրոնական վարչութեան, իրանահայ 26-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու հինգշաբթի՝ մարտի 20-ի երեկոյեան ժամը 7:00-ին, միութեան մարզասրահում: Խաղերին մասնակցելու են Թեհրանի, Թաւրիզի, Շահինշահրի եւ Սպահանի (Նոր Ջուղա) շուրջ 280 մարզիկ-ուհիներ։ Մրցութիւնները կայանալու են բասկետբոլ եւ սեղանի թենիս մարզաձեւերում՝ երէց եւ երիտասարդ տարիքային խմբերի միջեւ:

Նշելի է, որ նոյն օրը երեկոյան ժամը 4:00-ին խաղերի խորհրդանշական ջահը, յատուկ արարողութեամբ, վառւելու է ս. Ամենափրկչեան վանքի շրջափակում վեր խոյացած Ապրիլեան եղեռնի բիւրաւոր նահատակների յիշատակը յաւերժացնող կրակով:

Սոյն շրջանի խաղերը նւիրւած են Թեհրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան (ՀՄԱԿ) հիմնադրման 70- ամեակին եւ տեւելու են մինչեւ մարտի 25-ը։

Յատկանշական է, որ ամենամեայ կարգով տեղի ունեցող Գարնանային մարզական փառատօնն իրականանում է միութեան բոլոր միաւորների, կազմակերպիչ յանձնախմբի, կարգապահական կազմի ու անհատների անվերապահ համագործակցութեամբ: