2018 թւականի նոյեմբերի 29-ին, Շահինշահրի հայոց ազգ․«Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում տիրում էր խանդավառ մթնոլորտ: Դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհրդի անդամուհիներ՝ Ժաննա Շահբազեանն ու Արսինէ Ոսկանեանը սաների համար իրականացրեցին «Համառ բադիկ» խորագրով տիկնիկային ներկայացումը՝ անմոռանալի պահեր պարգեւելով փոքրիկներին: 

Սոյն ներկայացման սցենարի հեղինակն էր Ժաննա Շահբազեանը:

Դեկտեմբերի 5-ին, աշակերտները դպրոցի տեսչուհու հետ միասին այցելեցին Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի գրադարան, որտեղ գրադարանավարուհի Վարդուհի Պօղոսեանը փոքրիկներին ծանօթացրեց գրքերին ու գրադարանի կանոններին, այնուհետեւ պատմեց Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւններից: Յաջորդիւ սաները նկարչութիւններ նկարեցին եւ նւիրեցին գրադարան, իսկ փոխադարձաբար նւէրներ ստացան տկն. Պօղոսեանից: 

Դեկտեմբերի 26-ին, մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր տարւայ առիթով, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր սաներից բացի՝ հրաւիրւել էին նրանց ծնողներն ու համայնքի «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի աշակերտ-ուհիները: Սկզբում տեսչուհի Կարինէ Մինասքանեանը ողջունեց բոլորին եւ շնորհաւորեց տօնի կապակցութեամբ, ապա սաները ելոյթ ունեցան խմբային պարերով ու երգերով: Միջոցառումն աւելի խանդավառ շարունակւեց Ձմեռ պապիկի ներկայութեամբ եւ Ամանորեայ նւէրներով, ինչպէս նաեւ զւարճալի մթնոլորտի ներքոյ խաղերով: 

Իսկ դեկտեմբերի 29-ին, նախ աշակերտները դպրոցում իրենց ծնողների համար պատրաստեցին տօնական բացիկներ, ապա այցելելով մօտակայ փոստային բաժանմունք, իւրաքանչիւր աշակերտ իր գեղեցիկ աշխատանքը որպէս Ամանորեայ անակնկալ  ուղարկեց իրենց բնակարանի հասցէին:

Լուսանկարների հեղինակ՝ Շահինշահրի թղթակից եւ դպրոցի պատասխանատուներ

Թղթակից (Շահինշահր)