Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 12-ի առաւօտեան, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Մալեքեանը, քաղաքապետ պրն. Էշղին եւ գաւառապետարանի ու քաղխորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտօնատարներ քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Շահինշահրի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանին եւ Թեմական խորհրդի ու Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին: 

Ընթացքում արտայայտւեց հոջ. Մալեքեանը: Նա նշելով, որ Իրանում մուսուլմանների եւ քրիստոնեաների միջեւ եղած սերտ յարաբերութիւնները, օրինակելի են միւս երկրների համար, շեշտեց իրանահայութեան կարեւոր դերն ու կատարած անձնազոհութիւնները իսլամական յեղափոխութեան եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ժամանակաշրջաններում: 

Պրն. քաղաքապետը դրւատանքի խօսք ուղղելով Սպահանի հայութեանը՝ ի մասնաւորի Շահինշահրի հայ համայնքին, գնահատեց տեղի հայ բնակչութեան համագործակցութիւնը քաղաքապետարանի շինարարական, մշակութային եւ սոցիալական նախագծերի իրականացման գործում:

Շարունակութեան մէջ Թեմական խորհրդի անունից ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով արտայայտւեց ատենապետ Վարուժ Մինասեանը: Նա յատկապէս շնորհակալական խօսք ուղղեց Սպահանի եւ Շահինշահրի պետական պաշտօնատարներին, ովքեր բազմազբաղ լինելով հանդերձ Ամանորի առիթով քաղաքավարական այցելութիւն են կատարում Սպահանի հայոց թեմի առաջնորդին, ազգային իշխանութեանն ու հայ նահատակների ընտանիքներին: 

Ելոյթների աւարտին գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն նման պատւիրակութեան այցը պարծանք եւ պատիւ համարելով՝ անդրադարձաւ Իրանում մուսուլմանների եւ քրիստոնեաների յարաբերութիւններին՝ ի մասնաւորի նշելով, որ այն հիմնւած է եղբայրութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ: Սրբազան Հայրը  կարեւորութեամբ ընդգծեց այն փաստը, որ իրանահայ ժողովուրդը՝ որպէս երկրի քրիստոնեայ փոքրամասնութիւն, մշտապէս վայելել է Իրանի Իսլ. Հանրապետութեան  հոգեւոր առաջնորդի, պաշտօնատարների եւ ժողովրդի յարգանքի դրսեւորումն իր նկատմամբ: 

Թղթակից (Շահինշահր)