Չորեքշաբթի՝ 2014 թւականի փետրւարի 19-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղար դկտ. Օլաւ Դւիթը, ընկերակցութեամբ խորհրդի Ասիոյ շրջանի պատւոյ նախագահուհու եւ այլ ներկայացուցիչների, այցելեց ս. Ամնափրկչեան վանք: Պատւիրակութեանը մաս էին կազմում նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը եւ առաջնորդական փոխանորդ գերպ. Տ. Մակար ծ. վրդ. Աշգարեանը: Պաւիրակութիւնը պաշտօնական ճաշի հիւր եղաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդին եւ ազգային մարմիններին:

Պաշտօնական ճաշի ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը բարի գալստեան խօսք արտասանեց՝ ուղղւած պատւիրակութեան անդամներին: Նա առաջին հերթին շնորհակալութիւն յայտնեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանին՝ այցելութեան համադրման համար, ապա խօսելուց յետոյ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, կառոյցների, միութիւնների եւ եկեղեցիների գործունէութեան մասին, յատուկ շնորհակալութիւն յայտնեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին, առ այն, որ խորհուրդը 2015 թւականին կազմակերպելու է միօրեայ սեմինար եւ աղօթքի օր՝ 1915 թւականի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին եւ հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Պաշտօնական ճաշկերոյթի ընթացքում յաջորդաբար խօսեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղար Օլաւ Դւիթը, Ասիոյ շրջանի պատւոյ նախագահուհին եւ տարբեր յանձնաժողովների ներկայացուցիչներ: Պատւիրակութեան անդամներն իրենց ուրախութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեցին ջերմ ընդունելութեան համար եւ յատկապէս դրւատեցին հայ ժողովրդի, ի մասնաւորի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դերը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունէութեան շրջանակում:

Պաշտօնական ճաշկերոյթի ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը, ազգային մարմինների անունից, յուշանւէրներ յանձնեց պատւիրակութեան անդամներին: