Իրանի իսլամական յեղափոխութեան 35-րդ տարեդարձի առթիւ բազմամարդ քայլարշաւին մասնակցեցին նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ս. Ամենափրկչեան վանքի պաշտօնեաները: Քայլարշաւի ընթացքում պատւիրակութիւնը, որ քայլում էր ժողովրդի շարքերի մէջ, բարձրացրած ունէր մի պաստառ, որով ազգային մարմինները շնորհաւորում էին Իրանի իսլամական յեղափոխութեան 35-րդ տարեդարձը:

Թեմակալ առաջնորդը քայլարշաւի սկզբում հարցազրոյց տւեց մի շարք հեռուստաընկերութիւնների լրագրողների, որի ընթացքում նա շնորհաւորեց յեղափոխութեան 35-ամեակի առթիւ եւ շեշտեց մեր ժողովրդի եւ ազգային մարմինների մասնակցութիւնը քայլարշաւին, միեւնոյն ժամանակ նշեց, որ բազմամարդ քայլարշաւը գեղեցիկ օրինակ է՝ ժողովրդի միասնականութիւնը շեշտող եւ Իրանի ժողովրդի հզօրութիւնն ու անսասանութիւնը աշխարհին ցոյց տւող: