Աւագ ուրբաթ՝ ապրիլի 14-ի երեկոյեան ժամը 6:30-ին, Սպահանի հայոց թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերը գլխաւորութեամբ թեմիս Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում կատարեցին Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Թաղման կարգը, որին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ: Արարողութեանը մասնակցել էր նաեւ Ս. Ամենափրկչեան վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ: 

Եկեղեցու դասի կենտրոնում, Ս. Խորանի մօտ, Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող սեղանի առջեւ, հոգեւորականաց դասի անդամներն առանձնաբար ընթերցեցին մեսիական չարչարանքներին ու զոհագործութեանն անդրադարձող աւետարանական հատւածները, ապա ծնկի գալով սոյն գերեզմանի առջեւ երգեցին «Սուրբ Աստւած»-ը:  

 փոխանորդ Հայր Սուրբն օրւայ առթիւ իր քարոզում բնաբան ունենալով Քրիստոսի գալստեան մասին վկայութիւն տւած Երեմիա մարգարէի «Տէր ճանաչել տուր ինձ եւ ես կը ճանաչեմ» խօսքը՝ ասաց, որ Քրիստոսի մասին մարգարէների կատարած վկայութիւնները դարեր յետոյ իրականութիւն դարձան հենց Քրիստոսի միջոցով: Նա նշելով, որ Քրիստոսն աստւածային զօրութեամբ ու ճանաչողութեամբ ընտրեց իր աշակերտներին եւ անգամ աշխարհի ու մարդկութեան փրկութեան համար զոհաբերւելու նպատակով ընտրեց Յուդային, ընդգծեց, թէ Քրիստոսն իր անձը զոհաբերելով դարձաւ մեր տէրը, փրկիչը, առաջնորդն ու ուսուցիչը: Նա իր խօսքի շարունակութեան մէջ շեշտելով, որ ճանաչողութեան կարողութեամբ կարող ենք հեռու մնալ նեղութիւններից, տառապանքներից ու նենգամտութիւնից, յորդորեց՝ նման կարողութիւն ունենալու դէպքում այն ի գործ դնել Աստծուն ճանաչելու ճանապարհին՝ մեր նկատմամբ ունեցած նրա հայրական սէրը տեսնելու համար:

Վերջում հաւատցեալները մօտենալով խորհրդանշական գերեզմանին՝ վերցրին այնտեղի ծաղիկներից, որպէսզի դրանց միջոցով իրենց բնակարանները տանեն Քրիստոսի կողմից շնորհւած նոր կեանքի անուշ բոյրն ու գեղեցկութիւնը:

Թղթակից (Նոր Ջուղա)