Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը ելնելով իր բարեսիրական նպատակներից, 1954 թւականից ի վեր, իրանական Նոռուզ-ի (Նոր տարի) արձակուրդների ընթացքում, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում  կազմակերպում է ձեռարւեստի ցուցահանդէս-վաճառք: 

Գարնանային այս ծրագիրը լայն հնարաւորութիւն է տալիս ձեռներեց հայ կանանց՝ իրենց աշխատանքը ներկայացնելու եւ վաճառելու, իսկ Ս. Ամենափրկիչ վանք այցելող զբօսաշրջիկներին առիթ է ընձեռում առաւել ծանօթանալու հայկական մշակոյթին՝ ի մասնաւորի ձեռարւեստին: Ցուցահանդէսի ամբողջական հասոյթը Հայ Կանանց Գթութեան միութեան միջոցով ծառայեցւում է բարեսիրական ու հայրենասիրական նպատակներով ծրագրերին:  

Այս տարի ամենամեայ ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութիւնը կատարւեց մարտի 19-ի առաւօտեան ժամը 9:30-ին՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ներկայութեամբ միութեան անդամուհիների ու ժողովրդի: Միջոցառման շրջագծում ներկայացւել էին բարձրաճաշակ ձեռքի աշխատանքներ, ինչպիսին են՝ զանազան ոճի գործւածքներ, զարդեղէններ, հագուստներ, տիկնիկներ ու հայկական աւանդական հրուշակներ: 

Ցուցահանդէսի կրպակների դասաւորման եւ իրերի վաճառման պարտականութիւնը ինչպէս միշտ սիրայօժար կերպով կատարեցին Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիները: 

Թղթակից (Նոր Ջուղա)