Երկուշաբթի՝ 2016 թւականի դեկտեմբերի 25-ին, Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի օրը, Նոր Ջուղայի նոյնանուն եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի։ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումը: Արարողութեանը ներկայ էին թեմի հոգեւորականաց եւ դպրաց դասերը եւ հաւատացեալ ժողովուրդ: 

Ս. սեղանին եւ պատարագին սպասարկում էին Նոր Ջուղայի եկեղեցիների ամբողջ սարկաւագներն ու կիսասարկաւագները, ովքեր, իբրեւ բացառիկ պարագայ միայն Ս. Ստեփանոսի տօնին, իրենց գլխին կրում էին քահանայական սաղաւարտ։

Յընթացս Ս. պատարագի, քարոզի պահին, պատարագիչ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց իմաստուն եւ բովանդակալից քարոզ, որի մէջ վեր առաւ նւիրեալ ծառայութիւնն իբրեւ հոգեւորականի եւ եկեղեցուն նւիրւած բոլոր անձանց ճշմարիտ ուղին։ Նա նշելով, որ Քրիստոսը նոյնիսկ մարդկութեանը ծառայելու առաքելութեամբ գործեց, յորդորեց եկեղեցու սպասաւորութեանը կոչւած սարկաւագաց դասին, որպէսզի իրենց կեանքում ամենից աւելի արժեւորեն անկեղծ եւ ուրախութեամբ ծառայութիւնը նախ Աստծուն, ապա եկեղեցու ճամբով՝ հաւատացեալ ժողովրդին։

Ս. պատարագի աւարտին բեմ բարձրացաւ նաեւ հոգեւորականաց դասը, որտեղ կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբի գլխաւորութեամբ, Ս. Ստեփանոսի աջով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն ու օրհնւած ջուրը բաժանւեց ջերմեռանդ հաւատացեալներին՝ իբրեւ հիւանդութիւնների եւ դժւարութիւնների փարատման միջոց եւ աստւածային օրհնութեամբ լիցքաւորող սրբութիւն:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Ս. Ստեփանոս եկեղեցու սրահում, Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան եւ եկեղեցու Տիկնանց յանձնախմբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում խօսք արտասանեց Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան ներկայացուցիչ Լիդա Սիմոնեանը, սարկաւագներին իրենց տօնի առթիւ շնորհաւորանքներ փոխանցեցին գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը եւ արժն. Տ Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը։

Վերջում ներկաները շնորհաւորեցին տիրացուներին՝ իրենց տօնը եւ բարի ծառայութիւն մաղթեցին նրանց:    

Թղթակից՝ Նոր Ջուղա