Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան-մատենադարանի հիմնադրման 110-ամեակի յանձնախմբի, որպէս յոբելեանական միջոցառումների եզրափակիչ ծրագիր, նոյն գրադարան-մատենադարանի շէնքում կազմակերպւեց ցուցահանդէս, ուր հանրութեանը ներկայացւել էին գրադարանի գրքային պահոցում առկայ հայերէն ու օտարլեզու գրքերից, ինչու չէ նաեւ արխիւային նիւթերից եզակի նմուշներ: 

Մէկ շաբաթ տեւողութեամբ այս ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 14-ի առաւօտեան,  ներկայութեամբ Սպահան քաղաքի ընդանուր քաղաքապետ դոկտ. Ջամալինեժադի, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ֆառհանգի, թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների, քաղաքապետարանի Կենտրոնական գրադարանի պատասխանատուի, Սպահանի Պետական եւ Արւեստի զոյգ համալսարանների գրադարանապետերի, հայոց ազգային դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչների, այլ հիւրերի եւ համայնքի ժողովրդի:

Պաշտօնական բացումը կատարւեց ընդանուր քաղաքապետ դոկտ. Ջամալինեժադի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ձեռամբ՝ խորհրդանշական ժապաւէնի յատումով: 

Այնուհետեւ հիւրերին ողջունեց յոբելեանական յանձնախմբի անդամ Կարին Տէր-Մարտիրոսեանը, ով ներկայացնելով ցուցահանդէսի կազմակերպման նպատակը, ընդգծեց՝ ցուցադրւածները միայն նմուշներ են այն մեծ ու թանկարժէք գանձարանից, որը գտնւում է Ս. Ա. վանքի գրադարան-մատենադարանում: Նա յաւելեց նաեւ, որ սոյն ցուցահանդէսը ճամբորդութիւն է պատմութեան գրկում. մի պատմութիւն« որի իւրաքանչիւր էջը փաստում է, թէ իրանեան հողը որքան արգասաբեր է եղել հայերի համար: 

Բացման խօսքից յետոյ ներկաներն առիթ ունեցան ծանօթանալու ցուցադրւած գրքերին ու նիւթերին, իսկ յաւելեալ բացատրութիւններն ու իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի գրադարանապետ Վերգինէ Միրզախանեանից:

Սոյն ցուցահանդէսն արժանացաւ այցելուների եւ տեղական լրատւամիջոցների լայն ուշադրութեանը: 

Թղթակից՝ Նոր Ջուղա