Հինգշաբթի՝ փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 4-ին, Նոր Ջուղայի ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի տեղի ունեցաւ Տեառնընդառաջի նախատօնակ եւ աւանդական հրավառութիւն՝ եկեղեցու շրջափակում: Երգեցողութիւնը կատարեց Սբ. Ամենափրկիչ Վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի: 

Արարողութեան ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Սրբազան Հայրը: Սկզբում նա անդրադառնալով փրկչի՝ Քրիստոսի աշխարհ գալուն աւելացրեց, որ Աստւած այնքան էր սիրում մարդուն, որն իր միածին որդուն որպէս փրկիչ աշխարհ ուղարկեց, որպէսզի մարդը վերադառնայ Աստծուն: Պատգամի շարունակութեան մէջ թեմակալ առաջնորդն անդրադառնալով Քրիստոսի տաճար ընծայմանը եւ Տեառնընդառաջ տօնին՝  աւելացրեց. «Պատրա՞ստ ենք այսօր Սիմէոն ծերունու նման Տիրոջը դիմաւորելու մեր կեանքում, մեր սրտերում եւ մեր հոգիներում, հետեւելու եւ ընդունելու նրան՝ որպէս յաւիտենական եւ անմար լոյս: Մի լոյս, որը լուսաւորելու է մեր խաւարած մտքերն ու հոգիները, մեր սրտերն ու ճանապարհը»:

Արարողութեան աւարտին Սրբազան Հօր միջոցով տեղի ունեցաւ նորածինների տաճար ընծայման խորհրդաւոր կարգը, ապա աւանդական հրավառութիւն: 

Հարկ է նշել, որ Տեառնընդառաջի նախատօնակը պատշաճ արարողութեամբ եւ աւանդական հրավառութեամբ նշւեց նաեւ Նոր Ջուղայի ս. Մինաս, ս. Յովհաննու եւ ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Հոգեպարար արարողութիւնից յետոյ, նոյն օրը ժամը 7-ին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, նախաձեռնութեամբ թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան  տեղի ունեցաւ հրավառութիւն: Խարոյկը միասնաբար բոցավառեցին թեմակալ առաջնորդն ու անցնող տարւայ նորապսակ զոյգերը: Այնուհետեւ միութեան սրահում տեղի ունեցաւ ամենամեայ միջոցառումը, որտեղ նորածիններն ու նրանց ծնողները եւ նորապսակ զոյգերը հանդիպեցին առաջնորդ Սրբազան Հօր եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ: Ծրագրին ներկայ էին նաեւ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, Իրանի իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Կրօնական ու Թեմական խորհուրդների եւ շրջանի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան անդամները:

Սոյն միջոցառումը բացւած յայտարարւեց հանդիսավար Մանիա Ղուկասեանի բարեմաղթանքներով եւ ողջոյնի խօսքով: Այնուհետեւ Նոր Ջուղայի հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան անունից ելոյթ ունեցաւ կազմի ատենապետ պրն. Ղուկաս Ծատուրեանը, ով շնորհաւորելով տօնի կապակցութեամբ, բոլորին մաղթեց առողջութիւն եւ կանաչ ճանապարհ, ցանականալով, որ օրւայ խարոյկի ջերմութեամբ ու թարմութեամբ ընթանայ ողջ տարին եւ հայ սերունդը ծաղկի ու հայեցի դաստիարակութեամբ կերտի իր ապագան:

Յաջորդիւ, յանուն թեմի Կրօնական խորհրդի արտայայտւեց խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանը: Նա իր խօսքում նշելով, որ ազգի ճակատագիրը հայ ծնողների ձեռքերում է, կարեւորութեամբ շեշտեց, որ եթէ հայ ծնողները կարողանան հայեցի դաստիարակութեամբ կրթել իրենց զաւակներին, այն ժամանակ ազգը յաւիտեան երախտապարտ կը լինի նրանց:

Ծրագրի շարունակութեան մէջ գերշ. Սրբազան Հօր եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ լուսանկարւելուց յետոյ, թեմակալ առաջնորդի հետ միասնաբար նախ նորապսակ զոյգերը, ապա նորածինների ծնողները հատեցին իրենց համար նախատեսւած տորթերը։

Միջոցառման ընթացքում արտայայտւեց նաեւ պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ով երազանքների իրականացում, առողջութիւն եւ յաջողութիւն ցանկանալով ներկաներին՝ նրանց մաղթեց, որ յարգանքով, սիրով եւ փոխադարձ ըմբռնումով շարունակեն ընտանեկան երթը եւ իրենց սէրն ու հաւատը փոխանցեն իրենց զաւակներին:

Ծրագրի շարունակութեան մէջ նորածինների ծնողների անունից պրն. Վահէ Թորոսեանը եւ նորապսակների կողմից պրն. Սերժիկ Պարսամեանը հանդէս եկան շնորհակալական խօսքերով եւ բարեմաղթանքներով: Իսկ Կրօնական խորհրդի անդամ պրն. Սաքօ Տէր Յովհաննիսեանը մի երգի կատարմամբ առիթը շնորհաւորեց բոլորին:

Երեկոյի վերջին բաժնում ձեռամբ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի յուշանւէրներ շնորհւեցին փոքրիկներին եւ նորապսակներին, որից յետոյ հանդիպումը եզրափակւեց Սրբազան Հօր հայրական օրհնանքով: Թեմակալ առաջնորդն սկզբում իր խօսքն ուղղելով նորապսակներին նրանց թելադրեց փոխադարձ սիրով, հաւատարմութեամբ, ըմբռնումով եւ զիջումով հիմնել իրենց օջախը եւ աղօթեց Բարձեալին, որ նրանց երջանիկ, երկար եւ ուրախ կեանք պարգեւի՝ քաղցր պտուղներով: Այնուհետեւ Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնելով անցնող տարւայ ընթացքում թեմում 33 նորածիններ լոյս աշխարհ գալու կապակցութեամբ՝ դիմելով ծնողներին աւելացրեց. «Դուք կը վկայէք, թէ ինչքան է փոխւել եւ գեղեցկացել ձեր կեանքը: Ձեր տունն աւելի է ամրացել եւ հզօրացել: Ինչպէս թռչունների բոյնի մէջ ճռւողոյններ են լսւում, այս անգամ ձեր տան մէջ լսւում են ձեր նորածինների ձայնը, ովքեր պէտք է մեծանան, աճեն եւ ձեր, հայենիքի, ազգի ու եկեղեցու հպարտութեան առիթը հանդիսանան»: Թեմակալ առաջնորդն իր պատգամն աւարտեց ներկաներին յորդորելով՝ զաւակներ ունենալ եւ բազմացնել հայ ժողովրդի քանակը: