2017 թւականի փետրւարին լրանում է Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամեակը: Յոբելեանական այս առիթը պատշաճօրէն նշելու համար՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդը կեանքի է կոչել յոբելեանական յանձնախումբ, որի կողմից ծրագրւած ձեռնարկների ու միջոցառումների շարանը մեկնարկեց հինգշաբթի՝ դեկտեմբերի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, Հայաստանից ժամանած «Օազիս» մնջախաղային (Փանթոմիմ) թատերախմբի ներկայացմամբ: 

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգային դպրոցների, միութիւնների ու մշակութային խմբերի ներկայացուցիչներ եւ հոծ թւով թատերասէր ժողովուրդ:   

Ծրագրի բացումը կատարւեց յոբելեանական յանձնախմբի նախագահ Նիկիտ Միրզայեանսի խօսքով: Նա սկզբում ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել սրանից 28 տարի առաջ՝ 1988 թւականին, Հայաստանում տեղի ունեցած  ողբերգական երկրաշարժի զոհերի յիշատակը, այնուհետեւ իր խօսքի շարունակութեան մէջ անդրադարձ ունեցաւ Նոր Ջուղայում թատրոնի հիմնադրման պատմական անցեալին, ինչու չէ նաեւ ներկայացրեց «Օազիս» թատերախմբին ու խմբի բեմադրիչ Ռոբերտ Ծատուրեանին: Պրն. Միրզայեանսը վերջում ընդգծելով, որ Իրանում առաջին կին աստղաֆիզիկոս Ալենուշ Տէրեանի մեծ հայրը՝ Բեգլար Աղայեանը, եղել է Նոր Ջուղայի թատրոնի հիմնադիրներից, հետաքրքիր զուգադիպութիւն համարեց, որ յոբելեանական առաջին ձեռնարկը տեղի է ունենում հենց յիշեալի թոռան անւան դահլիճում եւ յոյս յայտնեց, որ սոյն միջոցառումը խթանելու է երիտասարդներին՝ թատրոնի ասպարէզում առաւել ներգրաւելու եւ ջիք ու ջանք ներդնելու համար:   

Բացման խօսքին յաջորդեց հետաքրքիր ներկայացումը, որտեղ մնջախօս շնորհաշատ դերասանների միջոցով  մատուցւեց Շեքսպիրի աշխարհահռչակ ստեղծագործութիւններից մէկը՝ «Լիր Արքա»-ն: Սոյն պիեսի համաձայն, հզօր արքա Լիրը զգալով իր ծերութիւնը, որոշում է հրաժարւել իշխանութիւնից եւ երկիրը բաժանել իր երեք դուստրերի միջեւ: Նա շռայլութիւն ցուցաբերելու համար՝ պահանջում է արքայադուստրերից յայտնել, թէ որքան են սիրում իրենց արքա հօրը: Խնդիրներն առաջանում են հենց այս որոշումից, քանի որ երկու աւագ դուստրերը շողոքորթութեամբ են հանդէս գալիս, իսկ կրտսերը՝ միայն յայտնում է իր անկեղծ զգացմունքները՝ շնորհակալ լինելով իր հօրը՝ իրեն մեծացնելու եւ դաստիարակելու համար: Թագաւորը զայրանում է կրտսեր աղջկայ չոր վերաբերմունքից եւ երկիրը բաժանում է երկու աւագների միջեւ. այստեղից էլ զարգանում է պիեսը՝ արքա Լիրի համար առաջացող յետագայ դժբախտ դէպքերի շուրջ: 

Ներկայացման աւարտին իր հայրական օրհնանքը փոխանցեց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը: Նա գնահատելով դերասաններին ու բեմադրիչին եւ յատկապէս յոբելեանական յանձնախմբին՝ երեկոն կազմակերպելու համար,  դրւատանքով արտայայտւեց ներկայացման մասին՝ շեշտելով, որ հետաքրքիր կատարման շնորհիւ ժամանակը ակնթարթի պէս անցաւ: Հայր Սուրբն անդրադառնալով նաեւ պիեսի պատմութեանը՝ գնահատեց հայ ազգի մօտ ձեւաւորւած աւանդոյթը՝ յետ մահու կտակը բացելու եւ ժառանգութիւնը բաժանելու կապակցութեամբ: 

Վերջում ազգային իշխանութեան անունից գրքերով ու նւէրներով պարգեւատրւեցին խմբի անդամները: 

Հարկ է նշել, որ «Օազիս» թատերախումբը Իրան էր ժամանել Սպահանում կայացած «Հաշմանդամների թատրոնը» խորագրով 4-րդ միջազգային փառատօնի շրջագծում ելոյթ ունենալու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեց Երանուշ Թահմազեանը