Իսլամական յեղափոխոթեան յաղթանակի 35-րդ տարեդարձի առթիւ, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հայոց ագզային «Կատարինեան» տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական ու Աշակերտական խորհուրդների, կիրակի՝ փետրւարի 9-ի առաւօտեան ժամը 11:00-ին, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում իրականացւեց գողտրիկ միջոցառում: Ծրագրին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Թեմական, Կրօնական ու Կրթական խորհուրդների ներկայացուցիչները, Սպահան քաղաքի Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի 3-րդ շրջանի պատւիրակութիւնը եւ դպրոցի պատասխանատուները, աշակերտներն ու ծնողները:

Միջոցառումը բացւած յայտարարւեց Իրանի իսլամական հանրապետութեան օրհներգի յոտնկայս ունկնդրութեամբ, որից յետոյ յաղթապանծ յաղթանակի 35-ամեակի առիթով շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ դպրոցի փոխտեսուչ պրն. Ռուբէն Գրիգորեանը: Այնուհետեւ արտայայտւեց դպրոցի տեսուչ պրն. Ադիբին, ով նոյնպէս շնորհաւորելով «Ֆաջր»-ի տասնօրեակի կապակցութեամբ, գլուխ խոնարհեց նահատակների՝ ի մասնաւորի Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակի առջեւ: Ապա նա նշելով, որ իւրաքանչիւր միջնակարգ դպրոցի գերագոյն նպատակն է աշակերտներին բարձրագոյն կրթութեան համար նախապատրաստել ու նրանց մէջ բարոյական արժէքներ սերմանել, բացատրութիւններ տւեց «Կատարինեան» դպրոցի առաւելութիւնների մասին, ընդ որում թւարկեց որակեալ ուսուցիչներ եւ ուսումնական արդիական սարքեր ունենալը, աշակերտների կրթական ու մարզական յաջողութիւնները եւ ազգային մարմինների ու ծնողների նիւթա-բարոյական հովանաւորութեան վայելումը:

Ծրագրում տեղ էր գտել գեղարւեստական բաժին՝ աշակերտական գեղեցիկ կատարումներով, որտեղ ասմունքով հանդէս եկան Միրօ Ղազարեանը, Րաֆֆի Դիլանչեանը, Արթուր Աղախանեանը եւ Ալբրիկ Ղազարեանը՝ կատարելով Ռուբիկ Ջանանեանի Իրանի իսլամական յեղափոխութեանը նւիրւած բանաստեղծութիւններից, իսկ օրւան համահունչ երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ դպրոցի երգչախումբը եւ մէկ երգի մենակատարմամբ՝ Ալբրիկ Ղազարեանը: Երգեհոնի նւագակցութեամբ կատարողներին ընկերակցում էր նոյն դպրոցի շրջանաւարտ Դրօ Տէր Մարտիրոսեանը: 

Գեղարւեստական բաժնում աշակերտ Առնօ Բաբումեանի միջոցով ներկաներին առաւել ծանօթութիւն տրւեց Իրանի յեղափոխական երգերի ստեղծման մասին:

Միջոցառման ընթացքում ելոյթով հանդէս եկաւ նաեւ Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի 3-րդ շրջանի ուսումնական հարցերի օգնական պրն. Բանիլոհին, ով դրւատանքի խօսք ասելով «Կատարինեան» դպրոցի եւ հայ աշակերտութեան մասին ու կարեւորութեամբ ընդգծելով Իրանում մուսուլման եւ ոչ-մուսուլման աշակերտների հաւասարութեան փաստը, հայ աշակերտների առաւել զարգացման ուղղութեամբ մեծ նշանակութիւն տւեց Հայագիտական համահայկական օլիմպիադաներին մասնակցութեանը, իսկ դպրոցի գիտական մակարդակի աճի համար՝ կարեւորեց միջնակարգի երրորոդ դասարանների աւարտական քննութիւնների թւանշանները:

Ծրագրի երկրորդ բաժնում դպրոցի գերազանցիկ աշակերտները գնահատագրեր ստացան ձեռամբ առաջնորդ Սրբազան Հօր եւ ազգային մարմինների ու Ուսումնադաստիարակչութեան հիմնարկի 3-րդ շրջանի ներկայացուցիչների:

Միջոցառումը եզրափակւեց գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի հայրական պատգամով: Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորելով Իսլամական յեղափոխութեան 35-րդ տարեդարձի առթիւ՝ նշեց. «35 տարի առաջ այաթ. Խոմէյնին նոր էջ բացեց իրանեան պատմութեան ոսկեմատեանում: Նոր էջ, որը խորհրդանշում է Իրանի հողային ամբողջականութիւնն ու գերիշխանութիւնը, ազատութիւնը եւ յաղթանակը»: Նա իր խօսքի շարունակութեան մէջ յիշեց նաեւ իրանահայ քաջարի զաւակներին, ովքեր կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, մաս կազմեցին երկրի հողային ամբողջականութեան պաշտպանութեան գործին եւ բարձր պահեցին մեր ժողովրդի արժանապատւութիւնը: Թեմակալ առաջնորդն իր պատգամի աւարտին շնորհաւորելով գերազանցիկ աշակերտների յաջողութիւնների կապակցութեամբ՝ գնահատանքի խօսք ուղղեց դպրոցի տնօրինութեանը, ուսուցչական կազմին եւ Ծնողական խորհրդին՝ աշակերտներին իրենց ուսուման գործում զօրակցելու համար: