Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորի, ուրբաթ՝ նոյեմբերի 11-ին, սկսեալ ժամը 11:00-ից միութեան հանդիսութիւնների դահլիճում հերթական անգամ տեղի ունեցաւ աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանւել աշնանային մրգերից ու բանջարեղէններից պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորած թխւածքեղէն, թթւեղէն, մրգանուշ, ճթնի եւ այլ պահածոներ, որոնց բազմազանութիւնը վկայում էր միութեան Երէցների միաւորի վարչութեան ու ամբողջ անձնակազմի շաբաթների եւ ամիսների համատեղ ու արդիւնաւէտ ջանքերի մասին: 

Սոյն վաճառքին մասնակցել էին նաեւ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութիւնը, որն ի զօրակցութիւն արցախահայութեանը, վաճառքի էր հանել Արցախից բերւած մեղր, չիրեղէն, սուջուղ, մրգանուշների տեսականի եւ թթի դոշաբ, ինչպէս նաեւ Փերիոյ Կրթասիրաց եւ Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ միութիւնները՝ միութեան անդամները միջոցով պատրաստւած պահածոների ու թխւածքների վաճառքով:

Միջոցառումը առիթ էր նաեւ անհատական արտադրանքների վաճառքի համար, որին արձագանքել էին Նոր Ջուղայից եւ Շահինշահրից անհատներ: 

Նշելի է, որ աշնանային գեղեցիկ յարդարանքով ստեղծւած աշխոյժ մթնոլորտը ընդունեց բազմահարիւր այցելուներ, որոնք վայելեցին նաեւ մատուցւած աւանդական ճաշեր ու այլ ուտեստներ եւ մասնակցեցին կազմակերպւած խաղերին: 

 
 Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
 թղթակից Երանուշ Թահմազեան
 լուսանկարները՝ հեղինակի