Չորեքշաբթի՝ 2016 թւականի նոյեմբերի 2-ի առաւօտեան ժամը 11-ին Ս. Ամենափրկչեան վանք ներկայացաւ Դանիայի խորհրդարանի արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի պետ Սուրէն Սպերսոնի գլխաւորութեամբ խորհրդարանի ու դանիական զանազան կուսակցութիւնների ներկայացուցիչներից կազմւած մի պատւիրակութիւն: Խումբն այցելեց “Ս. Յովսէփ Արեմաթացի” եկեղեցի եւ “Խաչատուր Կեսարացի”-ի անւան թանգարան:

Աւելի ուշ՝ ժամը 13:30-ին, պատւիրակութիւնը Ս. Ա. Վանքի Ծաղկեայ դահլիճում հանդիպում ունեցաւ Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ժորժիկ Աբրահամեանի եւ Թեմական խորհրդի անդամների հետ:
Հանդիպման սկզբում պրն. Ժորժ Աբրահամեանը ծանօթացրեց հիւրընկալ անձնակազմին՝ ազգային իշխանութեան պատասխանատուներին, որից յետոյ դանիացի պատւիրակութեան անդամներն առանձնաբար ներկայացրին իրենց՝ զբաղեցրած պաշտօններով հանդերձ: Պրն. Սպերսոնը հակիրճ կերպով ներկայացրեց պատւիրակութեան Իրան ճամբորդելու նպատակը, եւ այն, որ ցանկացել են այցի ընթացքում հանդիպումներ ունենալ կրօնական փոքրամասնութիւնների պատասխանատուների հետ:
Պրն. Աբրահամեանը կրօնական փոքրամասնութիւններին առնչւող երկրում տիրող կացութեան մասին ընդհանուր բացատրութիւններ ներկայացրեց եւ Իրանում առկայ դժւարութիւնները չհերքելով հանդերձ՝ շեշտեց, որ արեւմուտքում տարածւած մտայնութիւնը Իրանի մասին շատ հաճախ ճիշտ պատկեր չի ներկայացնում:
Դանիացի պատւիրակութեան անդամների կողմից բազմաթիւ հարցումներ հնչեցին մարդկային իրաւունքի, ազգային-կրօնական փոքրամասնութիւնների, յատկապէս հայ համայնքի մշակութային, եկեղեցական եւ այլ խնդիրների շուրջ, որոնց ըստ պատշաճի պատասխանեցին կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, պրն. Ժորժ Աբրահամեանը եւ Թեմական խորհրդի ատանապետ եւ անդամ պրնյք. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Վաչիկ Հայրապետեանը:
Հանդիպման աւարտին դանիացի պատւիրակութեան կողմից յուշանւէրներ յանձնւեցին գերպ. Հայր Սուրբին եւ պրն. Աբրահամեանին: