Շաբաթ՝ հոկտեմբերի 1-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Տարեցների միջազգային օրւայ առթիւ, Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ընկերակցութեամբ թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, իր առաջին այցելութիւնը կատարեց Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոց:

Ծերանոցում հիւրերին ջերմ դիմաւորեցին սոյն կենտրոնը կառավարող Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնն ու Ծերանոցի յանձնախմբի անդամուհիները, ինչու չէ նաեւ այս հանգստի տան աշխատակազմն ու բնակիչները:

Այնուհետեւ ողջոյնի եւ բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ով ներկայացրեց միութեան պատմական անցեալն ու գործունէութիւնը եւ ծերանոցի կառավարման ուղղութեամբ ծաւալւող հսկայական աշխատանքը: 

Հայր Սուրբն իր ուրախութիւնը յայտնելով ծերանոց կատարած այցելութեան կապակցութեամբ եւ շնորհաւորանքներ փոխանցելով Տարեցների միջազգային օրւայ առթիւ՝ կարեւորեց տարեցների դերն ու նշանակութիւնը ընտանիքների համար: Նա, դիմելով ծերանոցում բնակւող տատիկներին, խնդրեց՝ որպէս մայրեր, աղօթել իրենց զաւակների եւ թոռների, ինչու չէ նաեւ իր համար, քանի որ Աստւածաշնչում շեշտւած է՝ մօր աղօթքը ամենաազդեցիկ եւ ամենազօրաւոր աղօթքներից է: 

Խօսքերի աւարտին Հայր Սուրբը մտերմիկ զրոյց ունեցաւ բնակիչների հետ, որից յետոյ տարեցներին նւիրեց ծաղիկներ:

Առողջական խնդիրներ ունեցող տարեցներին եւս գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանն այցելեց իրենց կացարաններում եւ աղօթեց նրանց շուտափոյթ ապաքինման համար: 

Թղթակից (Նոր Ջուղա)