Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակի առթիւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց «Իմ Հայաստան համահայկական 3-րդ փառատօնը, որի «Խմբերգային արւեստի օրեր» բաժնում իր մասնակցութիւնը ցուցաբերեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի եւ հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի:

«Խմբերգային արւեստի օրեր»-ի մեկնարկը տրւեց օգոստոսի 5-ին՝ մասնակցութեամբ Հայաստանից եւ Սփիւռքից երգչախմբերի:

Ծրագրի համաձայն օգոստոսի 5-ի առաւօտեան, մասնակից երգչախմբերի խմբավարները հանդիպում ունեցան ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ՝ յառաջիկայ օրերի ծրագրերի շուրջ մի շարք քննարկումներ եւ տեսակէտների փոխանակումներ կատարելու համար, որի աւարտին «Տաթեւ» երգչախմբի անունից յուշանւէր յանձնւեց տիկին նախարարին:

Փառատօնի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ նոյն օրւայ երեկոյեան, «Արամ Խաչատրեան» մեծ համերգասրահում, ուր խմբերը հանդէս եկան երկուական խմբերգերի կատարումներով, իսկ որպէս եզրափակիչ ելոյթ բոլոր երգչախմբերը ընկերակցութեամբ ՀՀ Ակադեմիական երգչախմբի, միասնաբար կատարեցին «Հայրենիքիս հետ» երգը, որի խօսքի հեղինակն է Յովհ. Թումանեանը, իսկ երաժշտութեանը՝ Ալեքսանդր Յարութիւնեանը: Հիասքանչ այս կատարումը ղեկավարեց ՀՀ վաստակաւոր արտիստ, կենդանի լեգենդ մայեստրօ Յովհաննէս Չեքիջեանը:

Բացման երեկոյի ընթացքում «Տաթեւ» երգչախումբը հանդէս եկաւ Կոմիտասի «Եար ջան արի» եւ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի «Ես իմ սէրն եմ սիրում» երգերի կատարմամբ, որոնք բարձր գնահատւեցին հանդիսատեսի կողմից:

Յաջորդ օրերի ընթացքում նախ օգոստոսի 7-ին, «Տաթեւ»-ը Շիրակի մարզում ելոյթ ունեցաւ Գիւմրիի «Թիւ 4 երաժշտական դպրոց»-ում, ապա օգոստոսի 8-ին, Լոռու մարզում, Վանաձորի «Պարարւեստի դպրոց»-ում իր անզուգական կատարումներով շոյեց արւեստասէր հանդիսատեսի ականջը: Վանաձորում իրականացրած ելոյթի աւարտին կատարումները գնահատւեցին տեղի քաղաքապետարանի կողմից, որոնց համար երգչախումբն արժանացաւ սոյն հաստատութեան շնորհակալագրին: 

Փառատօնի փակման հանդիսութիւնը տեղի ունեցաւ օգոստոսի 10-ի երեկոյեան, «Յակոբ Պարոնեան» անւան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ «Տաթեւ» երգչախումբը հանդէս եկաւ երեք երգերով՝ Սերգէյ Աղաջանեանի «Շուշւոյ» եւ մայեստրօ Ալեքսանդրեանի «Կոյս ձեռքեր» ու «Նոր Ջուղա» ստեղծագործութիւններով, որոնք նոյնպէս արժանացան ներկաների բարձր գնահատանքին: Փակման ձեռնարկի աւարտին մասնակից բոլոր խմբերը տկն. Յակոբեանի ձեռամբ ստացան յուշամեդալներ եւ հաւաստագրեր: 

Յատկանշական է, որ այցելութիւնների շարանում երգչախմբի անադմները օգոստոսի 6-ին եղան Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում, Շիրակի մարզում այցելեցին Գիւմրիի Ս. Աստւածածին եկեղեցի, իսկ Լոռու մարզ եղած ժամանակահատւածում յաճախեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի յիշատակին նւիրւած յուշահամալիր:

«Տաթեւ»-ի անդամները Նոր Ջուղա վերադարձան օգոստոսի 11-ի առաւօտեան:

Հարկ է նշել, որ «Տաթեւ» երգչախումբը նախքան Հայաստան մեկնելը Կրօնական խորհրդի անդամների ներկայութեամբ կատարել էր փառատօնի շրջագծում ներկայացւելիք իր ելոյթները՝ արժանանալով խորհրդի բարձր գնահատանքին:

Թղթակից (Նոր Ջուղա)