Հ.Յ.Դաշնակցութեան “Թադէոս Թադէոսեան” պատանեկան միութիւնն իր դաստիարակչական աշխատանքների շրջագծում՝ Դաշնակցութեան պատմութեանը, կուսակցական գործիչներին, ինչու չէ նաեւ հայրենիքի տարբեր շրջանները միութենական պատանիներին առաւել ծանօթացնելու նպատակով, այս անգամ իր ամենամեայ ամառային ճամբարը կազմակերպեց հայրենիքում: 25 պատանիներից եւ երեք պատասխանատուներից կազմւած ճամբարախումբը յուլիսի 28-ին Նոր Ջուղայից հանրակառքով մեկնեց եւ յաջորդ օրը կեցութիւն հաստատեց Ստեփանակերտի հիւրանոցներից մէկում:

Այցելութիւնների մեկնարկը տրւեց յուլիսի 30-ին, Գանձասարի վանքում: Սոյն սրբավայրում պատանիները պատահաբար հանդիպեցին Մատաղիսում ծառայող մի խումբ զինւորների, որոնց հետ մօտիկից շփւելն ու զրուցելը՝ յատկապէս Արցախի քառօրեայ պատերազմի մասին, մեծ ոգեւորութիւն պատճառեց նրանց: Յուզիչ հանդիպման աւարտին հայ զինւորի եւ սփիւռքահայ պատանու խմբական կատարումներով  հնչեցին հայրենասիրական երգեր: Այնուհետեւ խումբը շարժւեց դէպի Ղշլաղ գիւղում գտնւող Նիկոլ Դումանի տուն-թանգարան, ուր հաղորդ դարձաւ նւիրեալ հերոսի եւ Խանասորի արշաւանքի հրամանատար Վարդանի կեանքին ու գործունէութեանը:

Յաջորդ օրւայ այցելութիւններն սկիզբ առան Ստեփանակերտից: Նախ պատանիները եղան Զոհւած ազատամարտիկների թանգարանում՝ առաւել տեղեկանալով Արցախեան պատերազմի իրողութեան մասին, ապա փողոցում պատահաբար հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանին եւ մտերմիկ զրոյց ունեցան նրա հետ:  

Այնուհետեւ Ստեփանակերտի յուշահամալիրում այցելեցին Արթուր Մկրտչեանի եւ մի շարք այլ ազատամարտիկների շիրիմներ: Օրւայ միւս բաժինն անցաւ Շուշիում՝ այցելելով Ղազանչեցոց եկեղեցի եւ Պատկերասրահի թանգարան, որից յետոյ խումբը քայլեց դէպի Շուշիի բերդը, ապա Ջդրդուզ դաշտավայր՝ Շուշիի ազատագրման հերոսական մարտի մասին մանրամասն իմանալու նպատակով:

Երեկոյեան նրանք հիւրընկալւեցին Հ.Յ.Դ. Ստեփանակերտի “Նիկոլ Դուման” կենտրոնում, ուր հանդիպեցին Արցախի Կենտ. Կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանին, անդամ Ժիրայր Շահիջանեանին եւ ԼՂՀ ԱԺ Դաշնակցութեան խմբակցութեան անդամ Լեռնիկ Յովհաննիսեանին: Հանդիպման ընթացքում Դաւիթ Իշխանեանը մի շարք տեղեկություններ փոխանցեց Արցախի քաղաքական ու տնտեսական կացութեան, ինչու չէ նաեւ Դաշնակցութեան իրականացրած ծրագրերի եւ ապագայ անելիքների կապակցութեամբ: Հետաքրքիր էր յատկապէս ընթացքում հիւրերի եւ հիւրընկալի միջեւ ծաւալած մտերմիկ զրոյցը, որտեղ երիտասարդ միութենականներն իրենց տեսակէտներն ու մտահոգութիւնները յայտնեցին սահմանային լարւածութեան, պատերազմի վերսկսման հնարաւորութիւնների եւ որպէս սփիւռքահայ հայորդիներ՝ հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործում իրենց ներգրաւման մասին: 

Օգոստոսի 1-ը պատանիների համար առաւել յիշարժան դարձաւ զօրանոց կատարած այցելութեամբ: Երեք ժամ տեւողութեամբ սոյն այցը նրանց համար պատեհ առիթ հանդիսացաւ հայ զինւորների առօրեային ծանօթանալու եւ միութեան անունից նւէրների կապոցներ փոխանցելու համար: Օրւայ մնացած բաժինն անցաւ Տիգրանակերտում: 

Օգոստոսի 2-ին, խումբը մեկնեց Երեւան, իսկ ճանապարհին այցելեց “Ս.  Տաթեւ” վանք՝ ճոպանուղիով: Օգոստոսի 3-ին, եղան Սարդարապատի յուշահամալիր-թանգարանում, ապա Թալինի բերդում, որից յետոյ շրջագայութիւնը շարունակւեց՝ Անի քաղաքի աւերակները եւ Աշնակ գիւղում գտնւող Գէորգ Չաւուշի թանգարանը դիտելով: 

Յաջորդ օրը Եռաբլուրում խորհրդաւոր այցը նշանաւորւեց զոհւած մարտիկների հոգիների խաղաղութեան եւ հայ զինւորների առողջութեան համար՝ մատուռում առ Աստւած բարձրացւած միասնական աղօթքով եւ շիրիմներին ծաղիկների մատուցմամբ. 

Ապա Երեւանի քաղաքային գերեզմանոցում իրենց յարգանքի տուրքը մատուցեցին  նաեւ դաշնակցական գործիչներ՝ Արամ Մանուկեանի, Վահան Յովհաննիսեանի եւ Հրայր Մարուխեանի յիշատակին, որից յետոյ այցելեցին Հ.Յ.Դ. Բիւրոյի թանգարան բացատրութիւններ ստանալով՝ յատկապէս Հայաստանի Առաջին Հանրապետութեան կազմաւորման գործում Դաշնակցութեան դերակատրութեան մասին:

Օգոստոսի 5-ին, պատանիները եղան Երեւանի “Թումօ” կենտրոնում, յետոյ պայծառ օրը վայելեցին Սեւանայ լճի խաղաղ ափին, իսկ օգոստոսի 6-ին, այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ Հ.Յ.Դ. “Արամ Մանուկեան” կենտրոնում հանդիպեցին Հայաստանի պատանեկան միութեան պատասխանատուներին ու մի շարք անդամներին: Յաջորդ օրը Ապարանում յաճախեցին Բաշ-Ապարանի հերոսամարտի յուշարձան, ապա Դրոյի շիրիմի մօտ հերոսին նւիրւած երգի միասնական կատարմամբ յիշեցին բոլորանւէր գործչի յիշատակը: Նոյն օրը ճամբարախումբն այցելեց նաեւ Ամբերդ եւ Բիւրականի աստղադիտարան:

Յատկանշական է, որ պատասխանատուների գեղեցիկ մտայղացմամբ յատուկ դասաւորութեամբ բոլոր այցելութիւնների ընթացքում պատկան վայրի կամ անհատի մասին բացատրութիւնները տրւում էին միութենական պատանիների միջոցով, ովքեր նախապէս ուսումնասիրելով իւրաքանչիւր մանրուք, ջանք չէին խնայում իրենց ընկերներին առաւել հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցելու հարցում:

Աւելացնենք նաեւ, որ Արցախ եղած ժամանակ միութեան անունից գրենական պիտոյքներ յանձնւեցին Հ.Յ.Դ. Արցախի Կենտ. Կոմիտէի պատասխանատուներին՝ սահմանամերձ որեւէ դպրոցի սաներին նւիրելու համար:

Ճանաչողական ճամբարի աշխատանքն աւարտւեց օգոստոսի 8-ին եւ խումբը նոյն օրւայ առաւօտեան ճանապարհւեց դէպի Իրան՝ անտարակոյս մեծ տպաւորութիւններով ու հպարտութեան խորը զգացումով, ինչը դեռ երկար տարիներ վառ է մնալու ծրագրին մասնակից պատանիների յուշերում:  

Թղթակից (Նոր Ջուղա)