Ընթացիկ տարւայ ապրիլին Հայաստանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատան միջոցով կազմակերպւեց պարսկերէն լեզւի օլիմպիադա, որին մասնակցել էին Հայաստանի մի շարք դպրոցների սաներ, որտեղ որպէս երրորդ լեզու աշակերտները սովորում են պարսկերէն: Սոյն օլիմպիադայի շրջագծում յաջողութիւններ արձանագրած դպրոցականներն իրենց պատասխանատուների ուղեկցութեամբ օգոստոսի 24-27-ը եղան Սպահան քաղաքում՝ յատկապէս վայելելով Նոր Ջուղայի տեսարժան վայրերը:

Պատւիրակութեանը մաս էին կամզել 19 աշակերտ-ուհիներ՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից եւ 6 ուսուցիչներ՝ Արսէն Օհանեանի ղեկավարութեամբ:

Նոր Ջուղա եղած ժամանակահատւածում, չորեքշաբթի՝ օգոստոսի 24-ին, ճամբարախմբի անդամները նախ այցելեցին Հայոց ազգ. կրթահամալիր, որտեղ նրանց ջերմ ընդունեցին «Քանանեան» աղջկանց միջնակարգ դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը, գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչները:

Կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տկն. Սիմոնեանը հիւրերին ծանօթացրեց Նոր Ջուղայի հայ համայնքի կազմաւորման՝ ի մասնաւորի դպրոցների հիմնադրման պատմական անցեալին, ապա հանդիպումը շարունակւեց հետաքրքիր հարց ու պատասխանների ներքոյ: Պատւիրակութեան անունից դպրոցի գրադարանին նւիրւեց «Իմպրեսիոնիզմ նկարիչ հայեր» գիրք:

Այնուհետեւ խումբը շրջելով Կրթահամալիրի տարբեր բաժիններ՝ առաւել ծանօթացաւ առկայ հնարաւորութիւներին, որից յետոյ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ դպրոցի անձնակազմի կողմից աշակերտներին նւիրւեցին յուշանւէրներ:

Յաջորդիւ խումբը յաճախեց Ս. Ամենափրկչեան վանք, ուր օրն առաւել յիշարժան դարձաւ՝ «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի, «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարան կատարած այցելութիւններով:

Պատւիրակութիւնը յաջորդ օրերի ընթացքում այցելեց նաեւ «Քանանեան» դպրոցի նախկին շէնքը եւ Սպահան քաղաքի մի շարք այլ տեսարժան վայրեր:

Հարկ է նշել, որ Նոր Ջուղա եղած ժամանակ խումբը կեցութիւն էր հաստատել Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւնում:

«Ալիք» օրաթարթի թղթակից (Նոր Ջուղա)