Երկուշաբթի՝ թւականիս յուլիսի 25-ի առաւօտեան, պարբերաբար իրականացւող վերահսկողական այցելութիւնների շրջագծում Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոց այցելեցին՝ Նահանգապետարանի ոչ-կառավարական կազմակերպութիւնների գրասենեակի մասնագէտ տկն. Ռազաւին, Անվտանգութեան ոստիկանութեան ներկայացուցիչ պրն. Հէյդարին, «Քոմիթէ Էմդադ Էմամ Խոմէյնի» կազմակերպութեան ներկայացուցիչ պրն. Նարիմանին եւ «Բարեկեցութիւն» հիմնարկի ոչ-պետական կենտրոնների պատասխանատու տկն. Եազդխասթին:

Ծերանոցի յարկի ներքոյ հիւրերին ջերմ դիմաւորեց ծերանոցը ղեկավարող հաստատութեան՝ Ն. Ջ. Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը, ով ընդհանուր տեղեկութիւններով հանդէս եկաւ ծերանոցի գործունէութեան կապակցութեամբ եւ պատասխանեց այցելուներին յուզող հարցերին՝ ծերանոցի հիմնադրման, բնակիչների, աշխատակազմի եւ կենտրոնի ղեկավարման ձեւի շրջագծում: 

Այցելութեան աւարտին հիւրերը մօտիկից ծանօթացան ծերանոցի տարբեր բաժիններին եւ տարեց բնակիչների առողջական վիճակին ու կենցաղային պայմաններին, ինչը մեծ գոհունակութիւն առաջացրեց նրանց մօտ:

Թղթակից (Նոր Ջուղա)