1983 թ. Յուլիսի 27-ին, Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Սեդրակ Աճեմեանը, Վաչէ Դաղլեանը, Արա Քերջլեանը, Սիմոն Եահընեանը եւ Սարգիս Աբրահամեանը անձնազոհական մի ակտով զինւած յարձակում կատարեցին Պորտուգալիայի մայրաքաղաք՝ Լիսբոնում  տեղակայւած Թուրքիայի դեսպանատան վրայ եւ 3-ժամեայ գրաւումից յետոյ՝ պայթեցրին այն ու փլատակների տակ ողջակիզւելով  բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնն ու Թուրքիոյ պետութեան կողմից դրա ուրացումը: Հինգ անձնազոհ մարտիկների յիշատակը յարգելու նպատակով՝ Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ 27-տարի անընդմէջ կազմակեպւել են մրցաշարեր եւ յիշատակի երեկոներ: Այս առթիւ չորեքշաբթի՝  թւականիս յուլիսի 20-ից 25-ը, նոյն միութեան մարզասրահում կայացաւ Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշար՝ մասնակցութեամբ համայնքի երիտասարդներից կազմւած «Արարատ», «Ղարաբաղ», «Էրեբունի», «Արցախ», «Արքայ» եւ «Նայիրի» խմբերի: Եզրափակիչ փուլում մրցակցեցին «Արարատ» եւ «Արցախ» խմբերը, որի արդիւնքում 4-2 հաշւով յաղթող ճանաչւեց «Արցախ» խումբը:

Նշելի է, որ Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին կազմակերպւելու է նաեւ գեղարւեստական յայտագրով յագեցած յուշերեկոյ:

 
Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից Երանուշ Թահմազեան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Վանիա Պետրոսեանի