Հինգշաբթի՝ թւականիս Յուլիսի 14-ի ժամը 19:30-ին, «Սրբոց Վարդանանց»  դպրոցի սրահը սովորականից մարդաշատ էր. Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ»  միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Յակոբ Պարոնեան» թատերախումբը հանրութեանը ներկայանալու էր Զարեհ Արշակեանի հեղինակած «Դդմի  վաճառականը» եւ Ռազմիկ Մարկոսեանի՝ «Թոշակ»  կատակերգութիւնները:  

Երեկոյին ներկայ էին Շահինշահրի Հոգեւոր տեսուչ՝ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Շահինշահրի Հայ համայնքի   վարչութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան   նախագահները, Սպահանի եւ Շահինշահրի հայ համայնքի անդամներ:                                  

Նախ բացման խօսքով հանդէս եկաւ Մարիա Խուդավերդեանը, ով ողջունեց   ներկաներին եւ խօսեց թատրոնի դերի եւ դաստիարակչական նշանակութեան մասին եւ  ընդգծեց. «Երգիծանքի միջոցով քննադատութեան են ենթարկւում մարդկային    բնաւորութեան, կեանքի, կենցաղի տարբեր կողմերը, սովորեցւում է զերծ մնալ դրանցից, զգուշանալ, չընկնել այնպիսի ծիծաղելի վիճակների մէջ, ինչպիսիք պատկերւած են  կատակերգութեան մէջ»: Ապա  ներկայացրեց բեմադրիչի՝ Ռազմիկ Մարկոսեանի    թատերական գործունէութիւնը՝ նշելով. «Մեծ սէր ունենալով թատերական արւեստի   նկատմամբ՝ 1981 թւականին իր շուրջ համախմբելով հայ համայնքի երիտասարդներին հիմնում է ազատ թատերախումբ եւ մինչ այժմ շուրջ 25 բեմադրութիւններով, սկզբնական շրջանում յատկապէս Համբարձման եւ Վարդավառի տօներին բացօթեայ բեմերից, ներկայացել է հայրենակիցներին»: 2012 թւականից պրն. Ռազմիկը համագործակցել է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի թատերախմբի հետ եւ   բեմադրւել է «Ամերիկացի  Փեսացուն» եւ «Շառլատանը» կատակերգութիւնները:                                                                                          

Բացման խօսքից յետոյ հաղորդավարը յայտարարեց ներկայացումների սկիզբը եւ  բացւեց բեմի վարագոյրը:

Ներկայացումները,  որտեղ որպէս դերակատարներ ընդգրկւած էին Ռազմիկ  Մարկոսեանը, Սարօ Ծառուկեանը, Մառիթա Վարդանեանը, Սիլւա Քոնարաքին, Վալենթին Թորոսեանը, Մայիս Մելիքեանը, Ռաֆիկ Վարդանեանը եւ Դերիկ Թահմազեանը, առիթ  տւեցին հանդիսատեսին մտորելու եւ վերաիմաստաւորելու կեանքի լաւ ու վատ կողմերը եւ լինելով երգիծական բնոյթի՝ ուղեկցւում էին ուրախ   ծիծաղով եւ աւարտւեցին ներկաների բուռն ծափահարութիւնների ներքոյ:  

Ապա հաղորդավարի հրաւէրով բեմ բարձրացան Շահինշահրի Հոգեւոր տեսուչ՝ գերապատիւ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը եւ Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախագահ՝ Գեւիկ Խաչատրեանը, «Յակոբ Պարոնեան» թատերախմբի անդամները, ինչպէս նաեւ բեմայարդար՝ Սերինէ  Աղախանեանը եւ դիմայարդար՝ Մեղմիկ Խուդավերդեանը՝ գնահատելու  եւ   շնորհաւորելու նպատակով: 

Այնուհետեւ խօսքը փոխանցւեց գերապատիւ Հայր Սուրբին, ով նախ գնահատեց կազմակերպիչներին՝ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեանը    եւ օրւայ գեղեցիկ ներկայացումները համարեց համայնքի յաջողութիւնը եւ նշեց. «Շահինշահրի հայ համայնքը այսքան տարի կազմակերպւած եւ լուսաւոր համայնք է եղել եւ ահաւասիկ իր նոր յաջողութիւններով եկաւ ասելու եւ փաստելու, որ Շահինշահրի հայ   համայնքը միշտ դէպի առաջ նայելով, բարձրանում եւ արձանագրում է նորանոր յաջողութիւններ»: Հայր Սուրբը բարձր գնահատեց բոլոր դերակատարներին, գնահատանքի խօսքեր ուղղեց հանդիսատեսին, ովքեր գիտակցաբար արժեւորում եւ քաջալերում են հայ թատրոնը, մշակոյթը եւ մանաւանդ հայ համայնքը: Շարունակելով իր խօսքը Հայր Սուրբը բարձր գնահատեց «Թոշակ» կատակերգութեան հեղինակ եւ բեմադրիչ՝ Ռազմիկ Մարկոսեանի աշխատանքը, ընդգծելով. «Մեր առօրեայ կեանքից՝ իրական, ծիծաղելի եւ երբեմն դժբախտ պատկերներ վերցրել էր եւ հրամցրեց մեզ, որպէսզի մէկ անգամ եւս հասկանանք, զգանք եւ մտածենք իրական արժէքների մասին»: Իսկ Զարեհ Արշակեանի հեղինակած «Դդմի վաճառականը» թատերգութեան մասին նշեց. «Այն գեղեցիկ էր, ծիծաղելի, կտրեց մեր աշխարհից, տարաւ ուրախութեան,  երջանկութեան աշխարհ, ջոկեց այս աշխարհի թոհուբոհից եւ ժպիտ պարգեւեց մեզ»: Խօսքի աւարտին գերապատիւ Հայր Սուրբը կոչ ուղղեց Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ  համայնքների անդամներին. «Մի թողէք միութիւնները, այլ գնացէք, զարգացրէք, արդիւնաւորէք, լուսաւորէք, որպէսզի ապրի հայը, հայ երիտասարդը եւ մանաւանդ հայ մշակոյթը եւ հայրենիքը»: 

Գերապատիւ Հայր Սուրբի բովանդակալից խօսքերից յետոյ հաղորդավարը բարի գիշեր մաղթեց բոլորին, իսկ ներկաները շնորհաւորելով «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան անդամներին, բեմադրիչին եւ դերասաններին,  մեծ բաւականութիւն ստացած լքեցին սրահը: 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 
Շահինշահրի մասնաճիւղի թղթակից Մ. Այիդա