Երկուշաբթի՝ փետրւարի 3-ի առաւօտեան, ընկերակցութեամբ Սպահան նահանգի Ուսումնադաստիարակչութեան գերատեսչութեան եւ նոյն հիմնարկի Սպահան քաղաքի 3-րդ շրջանի ներկայացուցիչների, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր այցելեցին Դանիայի Մանկավարժական ֆակուլտետի շուրջ 50 ուսանողներ, ովքեր իրենց փորձաշրջանն էին անցկացնում Իրանում՝ երկրի ուսումնադաստիրակչութեան համակարգն ուսումնասիրելու նպատակով: 

Սոյն այցելութեան մեկնարկը տրւեց կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնը հնչելուց յետոյ, հիւրերին բարիգալստեան խօսք ուղղեց «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց ուղեցոյց ու միջնակարգ դպրոցների գրադարանավարուհի Կարին Տէր Մարտիրոսեանը եւ շնորհաւորեց Իրանի Իսլամական յեղափոխութեան 35-րդ տարեդարձը: Իրանահայութեան եւ Նոր Ջուղայի պատմական անցեալի վերաբերեալ հիւրերին առաւել ծանօթութիւն տալու նպատակով, նա բացատրութիւններ տւեց հայոց ազգային դպրոցների հիմնադրման, երկրի տարբեր ասպարէզներում իրանահայութեան ներդրած մեծ աւանդի, հայ աշակերտների բացառիկ յաջողութիւնների ու առնչակից այլ խնդիրների մասին: Այնուհետեւ ներկաները վայելեցին հայերէն եւ պարսկերէն երգերի կատարումներ՝ զոյգ դպրոցների աշակերտների միջոցով: Միջոցառման ընթացքում արտայայտւեց Սպահան նահանգի Ուսումնադաստիարակչութեան գերատեսչութեան հետազօտական հարցերում օգնական պրն. Մոթամեդին, ով ողջունելով Դանիայից ժամանած ուսանողների ներկայութիւնը Իրանում, ի մասնաւորի հինաւուրց Սպահան քաղաքում, յաջողութիւն մաղթեց նրանց: 

Պատւիրակութեան անդամները հիւրասիրւելուց յետոյ, այցելեցին կրթահամալիրի տարրալուծարան, գրադարան, համակարգչի սենեակ եւ մի շարք այլ դասարաններ, որտեղ մօտկից ծանօթանալով հայոց ազգային դպրոցներում կիրառւող դասաւանդման մեթոդիկային եւ աշակերտական գիտահետազօտական աշխատանքներին, իրենց հիացմունքն ու գնահատանքի խօսքն արտայայտեցին հայոց դպրոցների գիտական մակարդակի, կազմակերպւած աշխանաքների եւ տարրալուծարանային արդիական սարքերի կապակցութեամբ: Հիացմունքի արժանացաւ յատկապէս հայ աշակերտների անգլերէն լեզւի իմացութիւնը, ովքեր սահուն եւ անկաշկանդ զրուցում էին դանիացի ուսանողների հետ: 

Ծրագրին ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչը, «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի, «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցների տեսչութիւնը եւ ուսուցչական կազմերի ու Ծնողական խորհուրդների ներկայացուցիչները: