Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախմբի 40-ամեայ յոբելեանի առիթով հանդիսաւոր ձեռնարկ տեղի ունեցաւ ուրբաթ՝ փետրւարի 19–ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում՝ ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, քահանայից դասի, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ագզային դպրոցների ներկայացուցիչների եւ մի շարք այլ հրաւիրեալների:

Սկզբում երեկոյի հաղորդավար Արթին Մուրադեանն իր բացման խօսքում նշելով, որ ամեակները ոչ միայն յոբելեարին գնահատելու եւ մեծարելու համար են, այլեւ նոր ծրագրերի նախատեսութեան, զարգացման եւ վերելքի ճամփաներ որոնելու մասին յիշեցնող առիթներ են, ամփոփ զեկոյցով հանդէս եկաւ 1975 թւականին ծնունդ առած երգչախմբի հիմնադրման եւ 40-ամեայ գործունէութեան մասին:

Բացման խօսքից յետոյ, գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի միջոցով եւ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնութեան գիրը՝ այս առիթի կապակցութեամբ, իսկ յաջորդիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանն ընթերցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր ուղերձը:

Երեկոն ողողւած էր Նոր Ջուղայի եւ Շահինշահրի զանազան մշակութային խմբերի հիասքանչ ելոյթներով, որտեղ դերակատարներն իրենց արւեստով մեծարեցին, շնորհաւորեցին եւ առաւել բեղուն գործունէութիւն մաղթեցին 40-ամեայ յոբելեարին: Գեղարւեստական բաժնում պարային համարներով հանդէս եկան Փերիոյ Կրթ. միութեան «Էրեբունի» պարախումբը՝ Ալինա Գրիգորեանի եւ  Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախումբը՝ Նունէ Մկրտչեանի ղեկավարութեամբ, իր կատարումներով երեկոն համեմեց Շահինշահրի «Նարօտ» երգչախումբը՝ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի գեղարւեստական ղեկավարութեամբ, ասմունքեցին Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Թալին Մովսիսեանն ու Լեռնիկ Ծատուրեանը՝ ղակավարութեամբ Ռիմա Սիմոնեանի, իսկ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի խմբավարութեամբ Ս.Ա. վանքի «Տաթեւ» երգչախումբը երգեր կատարեց:

Գեղարւեստական բաժնի եզրափակիչ ելոյթներն իրականացւեցին «Կոմիտաս» անունը կրող երկու երգչախմբերի միջոցով՝ մայեստրօ Արմէն Ամիրխանեանի գեղարւեստական ղեկավարութեամբ: Սկզբում երգեց Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախմբի երիտասարդական խումբը, որն այս տարի նշում է իր հիմնադրման 10-ամեակը, ապա իր անզուգական կատարմամբ հանդիսատեսի ականջը շոյեց յոբելեարը՝ Ս.Ա. վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Երգերից մէկը մենակատարեց հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը՝ խմբի ձայնակցութեամբ:

Ելոյթի աւարտին ներկաները բուռն ծափողջոյններով գնահատեցին չորս տասնամեակներ գործունէութիւն ծաւալած երգչախմբին, սոյն գնահատանքին անմաս չմնացին նաեւ երգչախմբի եկեղեցական խմբի անդամուհիները, ովքեր այդ պահին բեմ հրաւիրւեցին:

Գեղարւեստական բաժինը մէջբերւում էր այս առիթով ստացած ուղերձներից հատւածների ընթերցմամբ, որոնք էին՝ Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, «Ալիք» օրաթերթի խմբագրութեան, Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. Վարչութեան, Թեհրանի Փերիոյ Կրթ. միութեան վարչութեան, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վաչութեան, Ս.Ա. վանքի «Տաթեւ» երգչախմբի, Ս.Ա. վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի, Հայաստանի երաժշտական ընկերութեան վարչութեան, «Կոմիտաս» երգչախմբի նախկին խմբավար Ռադիկ Մելիքեանի եւ արւեստագէտ Անի Բաբայեանի ուղերձները: Ծրագրի ընթացքում Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների անունից ելոյթով հանդէս եկաւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, որից մի հատւած մէջբերում ենք.

««Կոմիտաս»-ին դժւար թէ խումբ անւանես: Նա ընտանիք է բառի բուն իմաստով: Ընտանիք, միաւորւած հայ երգի հիմնաքարի շուրջ: Նրա դայլայլը սովորական ելեւէջ չէ, այլ մէկը միւսով ապրող կոմիտասցու հոգու թրթիռ ... Արտասահմանեան հանդիսատեսի շռայլ գովասանքներն անգամ նրա համեստութեան շղարշը չպատռեց: Նրա 40-ամեայ անցեալը խտացւած չորս դարն է մեր պատմութեան եւ նպատակը նախ եւ առաջ խստապահանջ ջուղայեցուն բաւարարելը: Չորս տասնամեակ արհեստավարժ խմբավարներով առաջնորդւած «Կոմիտաս»-ն այսօր երաշխաւորում է բարձրաճաշակ արւեստը»:

Օրւայ եզրափակիչ խօսքն ասաց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, ով դրւատանքով արտայայտւելով «Կոմիտաս» երգչախմբի 40-ամեայ գործունէութեան՝ ի մասնաւորի եկեղեցական արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս գալու կապակցութեամբ, ասաց, ««Կոմիտաս» երգչախումը ոչ միայն պատարագների ընթացքում իր երգեցողութեամբ պայծառացրել է մեր եկեղեցիները, այլեւ եկեղեցիներից դուրս բեմերի վրայ հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերն է մատուցել մեր սիրեցեալ ժողովրդին: Երգչախումբն իր երգով մեր ժողովրդի դարերից եկող խորը հաւատն առկայծ է պահել եւ տարածել ամենուրեք՝ մեր թեմի իւրաքանչիւր զաւակի հոգու եւ սրտի մէջ»:

Յատկանշական է, որ հինգշաբթի՝ յունւարի 7-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, երգչախմբի անդամ-ուհիների մասնակցութեամբ կազմակերպւած ամենամեայ խրախճանքի ընթացքում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի ձեռամբ եւ երգչախմբի վարչութեան նախագահ Արմէն Մանսուրեանի միջոցով, 40-ամեայ գործունէութեան առթիւ, պատւոգրեր շնորհւեցին վաստակաշատ անդամուհիներ՝ Էմմիկ Վարդանեանին, Նւարդ Վարդանեանին եւ Օֆիկ Գէորգեանին, իսկ ուրբաթ՝փետրւարի 12-ի առաւօտեան, Ս. Յովհաննու եկեղեցում Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի միջոցով եւ հոգեւորականաց դասի մասնակցութեամբ հոգեհանգստեան կարգ կատարւեց՝ ի յիշատակ «Կոմիտաս» երգչախմբի ննջեցեալ անդամ-ուհիների:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան