Թեմիս Թեմական Խորհրդի հրաւէրով, թւականիս Փետրւարի 29-ին Նոր Ջուղա ժամանեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրէն Տիգրան Զարգարեանը:

Այցի նպատակն էր՝ ծանօթանալ Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հնատիպ գրքերի հաւաքածոյի եւ մամուլի հետ, ուսումնասիրել առկայ նիւթերի թւայնացման հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ մեթոդական աջակցութիւն ցուցաբերել համայնքի գրադարանավարներին:

Երեքշաբթի՝ 1 Մարտի 2016 թւականի կէսօրից անց ժամը 2:30-ին, այցելութիւն կազմակերպւեց Սպահանի պետական համալսարանի Հայագիտական ամբիոն: Տիգրան Զարգարեանը նախ ծանօթութեան նպատակով այցելեց ամբոինի գրադարան, այնուհետեւ հանդիպում ունեցաւ սոյն ամբիոնի դասախօսների հետ, որի ընթացքում տեղեկութիւններ փոխանցեց Հայաստանի Ազգային գրադարանի գործունէութեան, հնարաւորութիւնների, հեռակայ ծառայութիւնների եւ այլնի մասին, իսկ վերջում խօսակցութիւն ծաւալւեց երկու գրադարանների փոխգործակցութեան ուղղութեամբ:

Չորեքշաբթի՝ 2 Մարտի 2016 թւականի առաւօտեան, յարգելի հիւրն այցելեց Հայոց ազգային կրթահամալիր, իսկ նոյն օրը երեկոյեան՝  Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութեան «Մ. Նալբանդեան» եւ Հայ Դատի կենտրոնատեղիի «Մ. Վարանդեան» գրադարաններ, որոնց ընթացքում ընդհանուր ծանօթութիւն ձեռք բերեց գրադարաններում առկայ հնարաւորութիւնների մասին, ապա զրոյց ունեցաւ գրադարանավարների ու պատասխանատուների հետ, որտեղ հիմնականում անդրադարձ ունեցաւ սոյն գրադարանների եւ Հայաստանի Ազգային գրադարանի միջեւ կապերի ստեղծման ու ընդլայնման եւ տեղեկութիւնների փոխանակման ուղղութեամբ: Հայ Դատի կենտրոնատեղիում Տիգրան Զարգարեանը հանդիպեց Հայ Դատի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանի հետ:

Հինգշաբթի՝ 3 Մարտի 2016 թւականի առաւօտեան, Տիգրան Զարգարեանն այցելեց Ս. Բեթղեհէմ եկեղեցի եւ Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատուն: Նոյն օրը գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն Ազգային Առաջնորդարանում ընդունեց Ազգային Գրադարանի տնօրէնին: Առաջնորդ Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթելով պրն Զարգարեանին՝ իր ուրախութիւնը յայտնեց Ազգային Գրադարանի եւ Ս. Ամենափրկչեան Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի միջեւ համագործակցութեան նոր փուլ սկսելու առթիւ: Ապա քննարկւեցին երկու կողմերի միջեւ համագործակցութեան եղանակներն ու կարելիութիւնները, նաեւ խորհրդակցութիւն տեղի ունեցաւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հնատիպ գրքերի եւ Ս. Ամենափրկչեան վանքի արխիւի թւայնացման աշխատանքների մասին:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրէնի Նոր Ջուղա այցելութեան վերջին օրը՝ Ուրբաթ՝ 4 Մարտի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում, հանդիպում կազմակերպւեց համայնքիս գրադարանավարների հետ, որի ընթացքում Տիգրան Զարգարեանը ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց սոյն գրադարանի գործուէնութեան վերաբերեալ. շարունակութեան մէջ արտայայտւեցին համայնքիս գրադարանների պատասխանատուները՝ զեկոյց ներկայացնելով պատկան գրադարանների ծաւալած աշխատանքների կապակցութեամբ, այնուհետեւ տեղի ունեցաւ մտքերի փոխանակութիւն: Հանդիպման աւարտին Ազգային գրադարանի տնօրէնը խոստացաւ համապատասխան միջոցառմամբ նշել Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակը, որը լրանալու է 2016 թւականին:

Այցելութիւնների շարանն աւարտւեց յարգելի հիւրի Հայոց ազգային ծերանոց ժամանելով: