Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան» աղջկանց միջնակարգ դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ իրագործւեցին երկու միջոցառումներ, ուր հանդիսութեամբ նշւեց Իրանի Իսլ. յեղափոխութեան 37-ամեակը: 

Երկուշաբթի՝ փետրւարի 15-ի առաւօտեան հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ «Վիկտորինա» խորագրով մրցոյթը, որտեղ դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտուհիներն ու ծնողները պատասխանեցին ընդհանուր գիտելիքների շրջագծում նախատեսւած հարցումներին: Որպէս հանդիսատես ներկայ էին՝ Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Կրթադաստիարակչութեան հիմնարկի միջնակարգի առաջին բաժնի պատասխանատու պրն. Սեփեանին, դպրոցի աշխատակազմի ներկայացուցիչներ, ծնողներ եւ աշակերտներ:

Մրցոյթի կազմակերպման եւ հարցաշարի պատրաստման բարդ աշխատանքն իրականացրել էին՝ հայերէն առարկաների դասատու Սեդա Դիլանչեանը եւ գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ իրաւարարութեան պատասխանատու գործն ստանձնել էին ուսուցչուհիներ՝  Կարինէ Մինասեանն ու Սիւնէ Մինասեանը: Հաղորդավարութեամբ ելոյթ ունեցան գրադարանավարուհին ու դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնեանը, իսկ մասնակիցները հանդէս եկան տասնվեց երեք հոգանոց խմբերի ներքոյ:

 Սկզբում բոլոր խմբերը պատասխանեցին մրցութային առաջին փուլի հայերէն եւ պարսկերէն հարցերին, ապա արդիւնքների ամփոփումից յետոյ, լաւագոյն երկու խմբերը թեւակոխեցին եզրափակիչ փուլ: Վերջում յաղթող ճանաչւեց խմբերից մէկը՝ աշակերտներ՝ Ռենիա եւ Անիա Մինասեանների ու ծնող Արաքս Մինասեանի անդամակցութեամբ: Յաղթող խմբի անդամները պարգեւատրւեցին պրն. Սեփեանիի եւ դպրոցի տեսչուհի տկն. Սալառիֆառի ձեռամբ:

Ծրագրի աւարտին պրն. Սեփեանին բարձր գնահատեց դպրոցի պատասխանատուների այս իւրօրինակ նախաձեռնութիւնը:

Յատկանշական է, որ սոյն միջոցառումը մեծ խանդավառութիւն առաջացրեց ոչ միայն մասնակից աշակերտուհիների, այլեւ ծնողների մօտ, ովքեր առիթ ունեցան իրենց զաւակների կողքին մրցելու, վայելելու ծրագրի հաճելի եւ աննկարագրելի եռուզեռը եւ յատկապէս առաւել հարստացնելու իրենց գիտելիքների շտեմարանը:

Պանծալի առիթին նւիրւած երկրորդ նախաձեռնութիւնն էր հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական դահլիճում կազմակերպւած իրանահայութեան տարազների ցուցահանդէսը, որի աշխատանքի մեկնարկը տրւեց շաբաթ՝ փետրւարի 20-ի առաւօտեան՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի միջոցով ժապաւէնի հատմամբ: Ցուցահանդէսի պաշտօնական բացմանը ներկայ էին Սպահան քաղաքի 3-րդ շրջանի Կրթադաստիարակչութեան հիմնարկի տնօրէն պրն. Դաղիղը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներ, դպրոցի ծնողներն ու աշակերտութիւնը եւ համայնքի անդամներ:

Ժապաւէնի հատումից յետոյ ներկաները բոլորւեցին սրահում, ուր ցուցադրւել էին 17-20-րդ դարերի իրանահայութեան տարազներից լուսանկարներ, իսկ կենտրոնում ուշագրաւ էին յատկապէս Նոր Ջուղայի եւ Փերիա ու Չհարմահալ գաւառների նորահարսի, կնոջ, ուսուցչուհու եւ աշակերտուհու հանդերձանքներով զգեստաւորւած  վեց աղջիկներն ու խնամքով դասաւորւած աւանդական կենցաղային իրերը: 

Սկզբում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնեանը: Նա նշելով, որ ցուցահանդէսը կազմակերպւել է ուսուցողական եւ դաստիարակչական նպատակների հիման վրայ, ընդգծեց, թէ ցուցադրւած լուսանկարները պատկանում են 1984 թւականին տեղի ունեցած իրանահայութեան տարազների ցուցահանդէսին, որը  իրականացւել էր Խաժակ Տէր-Գրիգորեանի ղեկավարութեամբ կատարւած լայն ուսումնասիրութիւնների արդիւնքում: Տկն. Սիմոնեանը նշեց նաեւ, որ լուսանկարների արխիւը համալրելու գործում դպրոցին օժանդակել է Հիլդա Խուդաբախշեանը:

Այնուհետեւ գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը պարսկերէն լեզւով ներկաներին բացատրեց ցուցահանդէսի բնոյթն ու կազմակերպման նպատակները:

Դպրոցի տեսչուհի տկն. Սալառիֆառն իր ելոյթի ընթացքում հանգամանօրէն անդրադարձ ունեցաւ հագուստի ծագումնաբանութեանը՝ զանազան ազգութիւններում, ապա դրւատանքով յիշեց իրանահայութեան կառուցողական գործունէութիւնը՝ Իրանի պատմութեան տարբեր հանգրւաններում:

Բացման հանդիսութեան շարունակութեան մէջ ներկաներն առիթ ունեցան դիտելու ցուցադրւած հագուստներն ու լուսանկարները:

Ցուցահանդէսի աշխատանքն աւարտւեց փետրւարի 25-ին: Այս գեղեցիկ նախաձենութեան իրականացման գործում դպրոցի պատասխանատուների հետ սերտ համագործակցութիւն էին ցուցաբերել համայնքի միութիւններն ու մի շարք անհատներ: 

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)