Ուրբաթ՝ փետրւարի 26-ին, Իրանի Իսլամական Խորհրդարանի 10-րդ նստաշրջանի ընտրութիւնների շրջագծում, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքում, խորհրդարանի պատգամաւոր ընտրւեց Ժորժիկ Աբրահամեանը: 

Ինչպէս նախորդ ընտրութիւնները, այս անգամ եւս հարաւային իրանահայութիւնը կառչած մնալով իր քաղաքացիական ու ազգային իրաւունքներին՝ խուռներամ շարքերով մասնակցեց ընտրութիւններին եւ ընտրողների շուրջ 99 տոկոսը քւէարկեց Ժորժիկ Աբրահամեանի օգտին:

Յատկանշական է, որ միջօրէից առաջ Սպահանի նահանգապետ պրն. Զառգառփուռն, ընկերակցութեամբ Սպահան քաղաքի գաւառապետ պրն. Քաֆիլի, այցելեց Նոր Ջուղայի հայ համայնքի ընտրատեղամասերից հայոց ազգային կրթահամալիր («Արմէն» դպրոց), որտեղ պատւիրակութեանը դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն ու ազգային մարմինների ներկայացուցիչները, իսկ Ժորժիկ Աբրահամեանն ընկերակցութեամբ իր Կենտրոնական շտաբի յանձնախմբի անդամների ներկայացաւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոց եւ քւէարկեց սոյն ընտրատեղամասում:

«Ալիք» օրաթարթի թղթակից (Նոր Ջուղա)