Երկուշաբթի՝ փետրւարի 22-ի երեկոյեան, Իրանի Իսլ. Խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ժորժիկ Աբրահամեանը, ընտրապայքարի 5-րդ օրն անցկացրեց՝ սկզբում մշակութային ոլորտում աշխատող անհատների, ապա Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ արհեստաւորների հետ առանձին հանդիպումներով:

Նոր Ջուղայի շտաբում կայացած այս հանդիպումներն ընթացան մտերմիկ մթնոլորտի ներքոյ, փոխադարձ զրոյցով, ուր Ժորժիկ Աբրահամեանն խօսեց նշւած ոլորտների շրջագծում ծաւալած իր գործունէութեան մասին, պատասխանեց յուզող հարցերին եւ ունկնդրեց արծարծւող տեսակէտները, դժւարութիւններն ու առաջարկները:

Հանդիպումները վարեց Արթին Մուրադեանը:

Ժորժիկ Աբրահամեանի նախընտրական հանդիպումների ծրագրի համաձայն, այսօր՝ երեքշաբթի փետրւարի 23-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, թեկնածուն հանդիպելու է Շահինշահրի հայ համայնքին, իսկ չորեքշաբթի՝ փետրւարի 24-ի երեկոյեան ժամը 7:30-ին, հանդիպում է իրականացւելու Նոր Ջուղայի հայ համայնքի մասնակցութեամբ, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում:

 

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)