Աստծու մօտ սիրոյ բարեխօս եւ սիրահարների պաշտպան սրբի՝ Ս. Սարգիս զօրավարի տօնի առթիւ, հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ նախաձեռնութեամբ նոյն թեմի Կրօնական խորհրդի, ուրբաթ՝ յունւարի 22-ի երեկոյեան ժամը 8:00-ից, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցաւ երիտասարդական տօնախմբութիւն, ուր Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների 18-ից 35 տարեկան երիտասարդները տօնը նշեցին ուրախ եւ խանդավառ միջավայրում:

Երեկոն սկիզբ առաւ Կարին Տէր-Մարտիրոսեանի հանդիսավարութեամբ, ով տօնի խորհրդին անդրադառնալով, հանդէս եկաւ օրւայ առթիւ պատշաճ խօսքով ու մաղթանքներով՝ ի մասնաւորի բնաբան ունենալով թեմի առաջնորդ Սրբազան Հօր ճշտած կարգախօսը, որտեղ ասւած է «Սէրը աղն է կեանքի, յաւերժահամն է կեանքի»:

Այնուհետեւ երիտասարդ մասնակիցները, ովքեր իրենց գլուխներին եւ դաստակներին կրում էին եռագոյնը խորհրդանշող ժապաւէններ, տօնը նշեցին պարելով՝ «Անի» նւագախմբի կատարմամբ հնչած ուրախ երգերի ներքոյ: Ծրագրում տեղ էին գտել հիւրասիրութեան եւ վիճակախաղի բաժինները: Ներկաներին բաժանւեցին աղի բլիթներ:   

Տօնախմբութեանը ներկայ էին նաեւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգեշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը եւ Կրօնական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու Սաքօ Տէր-Յովհաննիսեանը: Ընթացքում Սրբազան Հայրը շնորհաւորելով Ս. Սարգիս զօրավարի տօնի կապակցութեամբ՝ բոլորին մաղթեց երջանկութիւն ու իղձերի իրականցում եւ կոչ արեց առաւել աշխուժութեամբ վայելել սիրոյ եւ սիրահարների այս գեղեցիկ տօնի առթիւ կազմակերպւած միջոցառումը: Սրբազան Հօր հայրական խօսքերից յետոյ երիտասարդների խանդավառութիւնը բազմապատկւեց եւ երեկոն իսկական տօնի վերածւեց՝ պարերին խուռներամ մասնակցութեամբ:

Վերջում թեմակալ առաջնորդի եւ Կրօնական խորհրդի անդամների ձեռամբ վիճակախաղի երկու շահողներն ստացան նոյն խորհրդի կողմից նախատեսւած ոսկէ պարգեւները՝ խաչը եւ Ս. Մարիամ Աստւածածնի պատկերով մեդալիոնը: 

Ծրագրի կազմակերպման գործում Կրօնական խորհրդի հետ համագործակցել էին Ն.Ջ. Հայուհեաց Բարեգործական Ընկերութիւնը եւ Ն.Ջ. Հայ Կանանց Գթութեան Միութիւնը՝ խորհրդանշական ժապաւէնների, օրւայ անուշաբոյր պատառիկների եւ աղի բլիթների պատրաստման աշխատանքը յանձն առնելով:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)