2016-ի յունւարի 4-ին, Ս. Ծննդեան ու Նոր տարւայ առիթով, Բոլորան գիւղ ներկայացան Բուին-Միանդաշտի գաւառապետ պրն. Մաշալլահ Թահանեանզադէն, նրա տեղեկալ պրն Մոսլեմ Ասադին եւ նահանգապետարանի գիւղերի եւ խորհուրդների հարցերով գերատեսուչ պրն Իսա Բահմանին, որոնք հիւրընկալւեցին տեղիս խորհրդի կողմից:

Հանդիպման ընթացքում խօսակցութիւն ծաւալւեց գիւղի տնտեսական, շինարարական եւ տուրիստական ոլորտների բարելաւման վերաբերեալ, որոնց իրագործման ուղղութեամբ հիւրերը խոստացան կարեաց սահմաններում օգտակար հանդիսանալ:

Անդրադառնալով գիւղի եկեղեցու կողոպուտի հարցին, պրն Իսա Բահմանին գիւղաշինութեան տնօրէնի թոյլտւութեամբ եւ գաւառապետի միջոցով 50,000,000 ռիալ բիւդջէ յատկացրեց՝ եկեղեցում ապահովական տեսախցիկներ տեղադրելու համար:

Փերիայի պատգամաւորը եւ տեղիս խորհուրդն ու եկեղեցական վարչութիւնը շնորհակալութիւն յայտնեցին պատւարժան հիւրերին՝ կատարած նւիրատւութեան համար:

Պրն գաւառապետը գնահատելով Բոլորան գիւղի խորհրդի գործունէութիւնն ու նրանց ջանքերը, կազմի անդամներին յանձնեց գնահատագիր:

Ջանի Նազարեան
Բոլորան