Երեքշաբթի՝ յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5-ից, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու, Ս. Աստւածածին, Ս. Ներսէս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում սկսւեց Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի Ս. Պատարագը, ուր պատարագիչ հայրերը եկեղեցիների սուրբ խորանից աւետեցին մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան լուրը:

Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը նախագահեց Ս. Յովհաննու եկեղեցու արարողութեանը, որը մատուցւեց արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի ձեռամբ: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Յընթացս Ս. եւ անմահ Պատարագի, թեմակալ առաջնորդն ընթերցեց Ս. Ծննդեան տօնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը` «Քրիստոսի ծնունդը՝ վերածնունդը մարդու» խորագրով: Սոյն պատգամի մէջ շնորհազարդ Հայրապետը նշելով, որ Յակոբոս առաքեալը Աստծու Որդու ծնունդը Բեթղեհէմում բնորոշել է որպէս մարդու վերածնունդ, անդրադարձել էր Քրիստոսի ծնունդի երկու նպատակներին՝ մարդու վերածնունդին ու փրկութեանը, եւ կարեւորութեամբ ընդգծել, որ Քրիստոսին միանալու, Քրիստոսով վերստին ծնունդի արժանանալու համար պէտք է Բեթղեհէմի մէջ ծնած Աստծու Որդուն ընդունել եւ մեր կեանքով ու գործով նրան դաւանել՝ որպէս մեր կեանքի լոյսը, հացը, ճամբան, դուռը, այլ խօսքով` մեր կեանքը:

Վերջում ներկաները Ս. Հաղորդութիւն ստացան պատարագիչ քահանայ հօրից եւ շտապեցին՝ Փրկչի Ծննդեան տօնը նշելու իրենց հարազատների հետ:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)