Չորեքշաբթի՝ 2014 թւականի յունւարի 22-ի ժամը 14-ին, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակներից Վրէժ Բաղումեանի ընտանիքի պարագաներին այցելելուց յետոյ, ս. Ամենափրկչեան վանք ժամանեց Սպահան, Եազդ եւ Չհարմահալ նահանգների բանակի ընդհանուր հրամանատար Ռեզա Ջեհադին, ընկերակցութեամբ գնդապետ Քեառիմզադեհի, գնդապետ Քազեմիի եւ կապիտան Մոհամմադեանի:

Ս. Ամենափրկչեան վանքի Ծաղկեայ դահլիճում պատւիրակութեանն ընդունեց Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդներրի, Հաշւեքննիչ մարմնի ատենապետերն ու ներկայացուցիչները:

Սկզբում հրամանատար Ջեհադին իր ուրախութիւնը յայտնեց առաջին անգամւայ համար Ազգային առաջնորդարան այցելելու առթիւ, միաժամանակ իր շնորհաւորանքները փոխանցեց Ամանորի եւ ս. Ծննդեան տօների կապակցութեամբ: Նա խօսելով բանակի ընդհանուր գործունէութեան մասին, շեշտեց. «Յատուկ կարգադրութեամբ՝ բանակի հրամանատրութեան կողմից շարունակ ուշադրութեան կենտրոնում են երկրի ամբողջականութեան ու անվտանգութեան ոլորտներում զոհւածների ընտանիքները, որոնց զանազան միջոցներով փորձում ենք նեցուկ հանդիսանալ եւ օժանդակութիւն ցուցաբերել: Տարբերութիւն չդնելով Իրանի բոլոր քաղաքացիների միջեւ, նոյն կարեւորութեամբ վերահասու ենք լինում կրօնական փոքրամասնութիւնների, այս պարագային հայ նահատակների ընտանիքների խնդիրներին, որի համար գոյութիւն ունի զօրքի անձնուրացների խնդրով զբաղւող գրասենեակ»: Հրամանատար Ջեհադին շեշտեց, որ զօրքի մէջ իրենց զինւորական ծառայութիւնն անցկացնող հայ բանակայինների նկատմամբ յատուկ յարգանք է ցուցաբերւում, այնպէս որ երկրի կրօնապետի յատուկ կարգադրութեամբ Ամանորեայ տօներին բոլոր հայ զինւորներին արձակուրդ տրւեց՝ տօնական օրերն իրենց ընտանիքների հետ անցկացնելու: Նա խօսելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնում միաստւածեան կրօնների հետեւորդների խաղաղ համագոյակցութեան կարեւորութեան մասին, շեշտեց, որ այդ միասնականութեանը եւ գիտակցութեանը որպէս արդիւնք՝ երկիրն ունի կայուն եւ ապահով կարգավիճակ, որի պատճառով զուր են անցնում թշնամիների բոլոր դաւադրութիւնները: Զօրապետը առաջնորդ Սրբազան Հօրը խնդրեց, որ հայ համայնքին փոխանցի իր եւ իր գործակիցների շնորհաւորանքները Ամանորեայ տօների կապակցութեամբ, միաժամանակ շնորհակալութիւն յայտնեց հայ համայնքին, որ իր գործօն ու նւիրական մասնակցութիւնն է բերել Իրանի Իսլամական Հանարպետութեան ամբողջականութեան եւ անկախութեան պաշտպանութեան գործում եւ անհրաժեշտութեան դէպքում երիտասարդ կեանքեր նւիրել երկրի անվտանգութեան զոհասեղանին:

Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն ապս. Չարեանը ողջունելով հիւրերի ներկայութիւնը Ազգային առաջնորդարան, խիստ կարեւորեց նրանց ծառայական ոլորտը՝ երկրի կայունութեան եւ ամբողջականութեան պահպանման գործում, բոլորին մաղթելով անփորձանք ծառայութիւն եւ զգօնութիւն: Նա շեշտեց, որ Իրանում ապրող հայ համայնքի անդամները, ինչպէս որ անցեալում իրենց ամբողջական ներդրումն են ունեցել ամենատարբեր ասպարէզներում, այսօր եւս պատրաստ են նոյն գիտակցութեամբ եւ յանձնառութեամբ նեցուկ կանգնել երկրի գերիշխանութեանը՝ ազատութեան եւ անկախութեան պահպանման համար: Գերշ. Սրբազան Հայրն աւելացրեց, որ Ամանորեայ տօնական օրերին տեղի ունեցած եկեղեցական արարողութիւնների ընթացքում աղօթել է իրանեան հայրենիքի անվտանգութեան եւ կայունութեան ճանապարհին ծառայող բոլոր ուժերի համար, եւ յոյս յայտնեց, որ միասնական ճիգերով միջազգային մակարդակով ամբողջապէս ճանաչւելու եւ յարգւելու են Իրանի ժողովրդի բոլոր արդար ցանկութիւններն ու իրաւունքները:

Հիւրասիրութեան ընթացքում, մտերիմ մթնոլորտում եւ զինւորական յուշերի միջից ակնարկւեց փոխադարձ այն վստահութեանն ու յարգանքին, որ գոյութիւն ունի իսլամ եւ քրիստոնեայ բանակայինների միջեւ, որը համարւում է անհրաժեշտութիւն եւ դրական երեւոյթ՝ երկրի բանակում ծառայող Իրանի բոլոր քաղաքացիների համար: