Կիրակի՝ 2014 թւականի յունւարի 12-ի ժամը 13:00-ին, ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Սպահան քաղաքի ընդհանուր քաղաքապետ պրն. Սաղայեան-նեժադը, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասառ-զադեգանը եւ քաղաքապետարանի մի քանի բարձրաստիճան պաշտօնեաներ: Պատւիրակութիւնը հիւրընկալւեց ս. Ամենափրկչեան վանքի Ծաղկեայ դահլիճում, որտեղ ներկայ էին թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր պրնյք. Վարուժ Մինասեանը, Նոէլ Մինասեանը եւ Արշալոյս Խուդավերդեանը: Ներկայ էին նաեւ Կրօնական խորհրդի, Հաշւեքննիչ, Կալւածա-տնտեսական, Ն.Ջ. Հայոց գերեզմանատան բարեզարդման մարմինների, Ն.Ջ. հայ կանանց գթութեան միութեան եւ Ն.Ջ. հայուհեաց բարեգործական ընկերութեան ներկայացուցիչները:

Գերշ. Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնեց քաղաքապետերի այցելութեան առթիւ եւ ուժ ու կորով մաղթելց նրանց՝ Սպահան քաղաքի բարգաւաճման եւ գեղեցկացման ուղղութեամբ նախատեսած ծրագրերի իրականացման համար: Թեմակալ առաջնորդն անդրադառնալով Նոր տարւան, շեշտեց, որ բնականոն ընթացքով փոխւում են տարիները, սակայն էականը դա չէ, այլ այն ինչը, որը պէտք է փոխւի եւ նորոգւի՝ դա մարդ արարածն է՝ իր հոգով, մտածելակերպով եւ գործունէութեամբ, որպէսզի իւրաքանչիւր տարւայ աւարտին իր անձի հետ հաշւետւութիւն կատարելով՝ անդրադառնայ անցեալի գործած սխալներին եւ նոր տարւայ ընթացքում խուսափելով դրանցից՝ աստւածամերձ կեանքի ուղի որդեգրի իր համար:

Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն իր խօսքերի շարունակութեան մէջ յատկապէս անդրադառնալով տարածաշրջանի դէպքերի զարգացմանը եւ շեշտելով, որ 2013 թւականին ծանր օրեր ապրեցին աշխարհի որոշ ժողովուրդներ, յոյս յայտնեց, որ 2014 թւականին բարելաււելու է իրավիճակը եւ վերացւելու են պատերազմներն ու ընդհարումները: Առաջնորդ Սրբազան Հայրը յիշեցրեց, որ Ամանորեայ արարողութիւնների ընթացքում առ Աստւած բարձրացրած աղօթքների մէջ յիշել է անկեալներին, հիւանդներին եւ բոլոր նրանց՝ ովքեր կարիքի մէջ են, եւ խնդրել Աստծուց, որ փարատի նրանց ցաւերն ու դժւարութիւնները: Նա նոյնպէս ասաց, որ Ամանորի առաջին օրերում Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական խորհրդի ատենապետերի հետ այցելել են Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների ընտանիքներին եւ շնորհաւորել նրանց Նոր տարին եւ ս. Ծնունդը:

Սրբազան Հայրն աշխարհի համայն մարդկութեան եւ յատկապէս Իրանի բարձրաստիճան պատասխանատուների համար խաղաղութիւն եւ առողջութիւն մաղթելով շնորհակալութիւն յայտնեց Քաղաքապետարանի կողմից Ամանորի առթիւ ստացած եւ ս. Ամենափրկչեան վանքի ու մօտակայ տարածքներում տեղադրւած շնորհաւորանքների կապակցութեամբ, միաժամանակ յիշեցրեց, որ Ազգային իշխանութիւնը յատուկ յայտարարութեամբ դիմել է հայ ընտանիքներին՝ Ամանորեայ հանդիսութիւններն աւելի զուսպ եւ պատշաճ կազմակերպելու եւ իսլամական սգոյ օրերն առաւել  յարգելու նպատակով:

Ընդհանուր քաղաքապետ պրն. Սաղայեան-նեժադը, երկրորդեց առաջնորդ Սրբազան Հօր խօսքերը եւ ասաց, որ եթէ աշխարհում կան անցանկալի իրավիճակներ եւ դժբախտութիւններ, այդ բոլորը մարդու ներքին ապրումների անզուսպ պոռթկումների հետեւանքով են լինում, որոնցից խուսափելու համար պէտք է անսալ եւ հետեւել Աստծու եւ Նրա մարգարէների միջոցով մարդկութեանը փոխանցւած պատւիրաններին: Պրն. Սաղայեան-նեժադն իր շնորհաւորանքները փոխանցեց Ամանորի եւ ս. Ծննդեան տօների առթիւ, աշխարհին մաղթելով խաղաղութիւն ու սէր, ինչի համար աշխարհ եկաւ Քրիստոսը:

Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանն եւս իր հերթին ուրախութիւն յայտնեց երկու քաղաքապետերի այցելութեան առթիւ: Նա ներկայացնելով հայ համայնքի կողմից հանդիպմանը ներկայ անձանց, հակիրճ բացատրութիւններ տւեց ազգային մարմինների, մարզա-մշակութային եւ կանանց միութիւնների գործունէութեան մասին՝ բարձր գնահատելով նրանց նւիրական աշխատանքն ու ձեռքբերումները հայ եւ իրանական կեանքի մէջ:

Հանդիպման աւարտին, պրն. Սաղայեան-նեժադը յուշանւէրներ յանձնեց եւ ս. Ամենափրկչեան վանքի «Խաչատուր Կեսարացի» թանգարանի առջեւ հաւաքական կերպով լուսանկարւելուց յետոյ, հրաժեշտ տւեց Ազգային առաջնորդարանի պատասխանատուներին: