Ուրբաթ՝ փետրւարի 27-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, տեղի ունեցաւ Ս. Ամենափրկչեան վանքի «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ նւիրւած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին:

Ծրագրին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների, Հայ դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ:

«Տաթեւ» երգչախումբն իր գործունէութեան 15 տարիների ընթացքում ղեկավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի, տարբեր առիթներին նւիրւած ձեռնարկներով, ինչու չէ նաեւ տարեկան համերգներով, հայկական եւ արեւմտա-եւրոպական բազմաթիւ երգերի կատարմամբ, հանդիսատեսին է մատուցել լաւագոյն երգարւեստը, իսկ այս անգամ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առթիւ, երգչախմբի կատարմամբ բեմից հնչեցին Արեւմտեան Հայաստանի տարբեր շրջաններից ընտրւած հայկական ժողովրդական երգեր, որոնք հայաշունչ, յուզական ու մեղեդային լինելուց բացի մեծ հարստութիւն են համարւում հայ ժողովրդի համար:

Երգերի գործիքաւորումը կատարւել էր երգչախմբի ղեկավարի միջոցով:

Ծրագիրը բացւած յայտարարւեց Վեհանուշ Խուդաբախշեանի խօսքով, որտեղ նա անդրադառնալով համերգում ներկայացւելիք երգերին՝ ասաց. «Այդպիսի երգեր յօրինել կարող էր միայն խաղաղ եւ ստեղծարար ժողովուրդ: Ափսոս, որ 1915 թւականի արիւնալի դէպքերից յետոյ ընդմիշտ ընդհատւեց այդ խաղաղասէր ու ստեղծագործ ժողովրդի ապրելու եւ ստեղծագործելու հնարաւորութիւնը: …Այս երգերի ներկայացմամբ երգչախումբս նպատակ ունի ընդմիշտ վառ պահելու մեր կորած հայրենիքի ու հարազատ ժողովրդի անմոռաց յիշատակը»:

Երգչախումբը համերգի ընթացքում հերթաբար ներկայացրեց՝ Ակնայ շրջանից՝ «Վերեն ի վար», «Ուստի կուգաս», Կեսարիայից՝ «Օխ նանա», «Էրթանք մեր էրգիր», Տարօնից՝ «Պապիկ, մամիկ, կարգէք զիս», «Շուշօ», Տիգրանակերտից՝ «Օյ զանըմ», «Էս գիշեր համբարձում է», «Պարջան իջի խորոզ է», Նոր Նախիջեւանից՝ «Սիրոյ երգ», «Գովք հարսնացուի», Բութանիայից՝ «Արտ մը ունիմ» եւ Վան-Վասպուրականից՝ «Պապի, լուսոյ աստղ երեւաց», «Ճախրայ մանող», «Բոստան են տրրէ», «Մոկաց շուկէն», «Ջանիման» եւ «Մաքրուհի» երգերը:

Յատկանշական է, որ երգերի կատարումներն ընդմիջւում էին Ալինա Ալեքսանդրեանի միջոցով, ով պաստառի վրայ ցուցադրւող համահունչ պատկերների հետ զուգընթաց բացատրութեամբ էր հանդէս գալիս ներկայացւելիք երգերի ծննդավայրերին առնչւող պատմութեան, յայտնի կոթողների եւ երգ-երաժշտութեան արւեստի մասին: Սոյն նիւթերը կազմել էր Հերմինէ Բաբայեանը:

Ծրագիրն աւարտւեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի հայրական օրհնանքով, ով գնահատելով մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի մտայղացումը՝ համերգը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրելու եւ ցեղասպանութեան ենթարկւած շրջանների ժողովրդական երգերը ներկայացնելու համար, աւելացրեց. «Այս երգերն ապացուցում են, որ թէեւ թշնամին կարող է մեր մարմինն սպանել, կարող է մեր եկեղեցիները մզկիթի վերածել, կարող է մեր ամրոցները, բերդերը եւ գեղեցիկ դաշտերը քանդել ու աւերել, սակայն չի կարող մեր հոգին ջնջել եւ մեր ինքնութիւնը խաթարել: Այսպիսի երգեր մեռած չեն, ապրում են ու ապրեցնում մեր ողջ ժողովրդին»:

 

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան