Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի 36-րդ տարեդարձին նւիրւած ծրագրերի շարանում, ազգային աւանդոյթների պահպանման նպատակով, Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց միջնակարգ դպրոցի տնօրինութեան եւ անձնակազմի համատեղ նախաձեռնութեամբ, շաբաթ՝ փետրւարի 14-ի առաւօտեան ժամը 11-ին, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում կազմակերպւել էր թխւածքների եւ հայկական աւանդական ճաշատեսակների մրցոյթ՝ աշակերտների ծնողների մասնակցութեամբ: Որպէս հանդիսատես սրահում ներկայ էին դպրոցի ուսուցչուհիներն ու աշակերտուհիները:

Միջոցառումը բացւած յայտարարւեց գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանի ողջոյնի խօսքով, որից յետոյ նա կարեւորութեամբ նշեց, որ մրցոյթի կազմակերպման նպատակներն են եղել՝ հայկական աւանդոյթների պահպանումը, դրանց ծանօթացումը նոր սերնդին եւ առողջ սնունդի օգտագործման մշակոյթի տարածումը:

Ծրագրին մասնակցել էին թւով 35 մայրեր եւ նրանց պատրաստած ճաշերի ու թխւածքների ախորժալի տեսքն ու ձեւաւորումը, ինչու չէ նաեւ բուրմունքը, որը ողողել էր ամբողջ դահլիճը, ոչ միայն գրաւեցին հանդիսատեսի ուշադրութիւնը, այլեւ գրգռեցին նրա  ախորժակը:

Մրցոյթի հայկական աւանդական ճաշատեսակների բաժնում ներկայացւել էին 20 ճաշեր, որոնց գնահատելու դժւարին աշխատանքը վստահւած էր Զեփիւռ Մարտիրոսեանին, Վարդուշ Զարգարեանին, Նւարդ Խաչեանին եւ Դիանա Կարապետեանին, իսկ թխւածքների բաժնում, ուր իրաւարարների դատին էին յանձնւել 15 կարկանդակներ, գնահատումը կատարեցին՝ «Անդոլոս» հրուշակարանի սեփականատէր եւ տնօրէն Նաղմէ Եազդանին, Ժարմինէ Աղուրեանն ու Արսինէ Բաղումեանը: Աւանդական ճաշատեսակների շարանում յատկապէս ուշագրաւ էին՝ մախոխը, սպասը, ժռաթթուն, հարիսան, տոլման եւ փառինջով փլաւը:

Մինչեւ իրաւարար կազմի անդամները գնահատում էին ճաշատեսակներն ու թխւածքները, նկատի առնելով դրանց համն ու մատուցման եղանակը, սրահում ներկայ աշակերտներն առիթ ունեցան արտայայտելու իրենց տեսակէտներն ու առաջարկները, իսկ նրանցից ոմանք իրենց ուրախութիւնը յայտնեցին՝ դպրոցի աշխատանքներին իրենց ծնողներին հաղորդ եւ մասնակից դարձնելու կապակցութեամբ:

Մրցոյթն ընթացաւ ջերմ, մտերմիկ ու հաճելի մթնոլորտի ներքոյ եւ աւարտին իրաւարարների գնահատականների ամփոփումից յետոյ, աւանդական ճաշատեսակների բաժնում որպէս լաւագոյն պատրաստողներ պարգեւատրւեցին Արաքս Մինասեանն ու Ռիթա Միրզախանեանը, իսկ թխւածքների բաժնում՝ Լորետա Մինասեանը եւ Հրանուշ Շահնազարեանը: Յատկանշական է, որ Ժուլիետ Ղազարեանի պատրաստած կարկանդակը արժանացաւ «Անդոլոս» հրուշակարանի յատուկ մրցանակին: