Աւարտւելով Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Պրն. Գրիգոր Առաքելեանի դիւանագիտական ծառայութեան ժամանակաշրջանը, յարգելի դեսպանի երկար տարիների գործունէութիւնը արժեւորելու եւ հրաժեշտի նպատակով, ազգային մարմինների համատեղ նախաձեռնութեամբ, Երեքշաբթի՝ Փետրւարի 17-ի երեկոյեան, Ս. Ա. Վանքի «Ծաղկեայ դահլիճ»-ում տեղի ունեցաւ ընդունելութիւն-հրաժեշտի երեկոյ:

Միջոցառմանը ներկայ էին Տէր եւ Տիկին Գրիգոր եւ Փառանձեմ Առաքելեանները, Թեմակալ Առաջնորդը եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում մեծարւեց յարգելի դեսպանը եւ նրա անմիջական ներդրումը` Իրան-Հայաստան երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների յարաբերութիւնների ամրապնդման ու զարգացման գործում, ինչպէս նաեւ նրա սերտ գործակցութիւնը իրանահայ երեք թեմերի, ի մասնաւորի Սպահանի Հայոց Թեմի հետ եւ ցուցաբերած պատրաստակամութիւնը՝ համայնքային խնդիրներին աջակցելու ուղղութեամբ:  

Պրն. Առաքելեանին ուղղւած շնորհակալանքի եւ գնահատանքի ջերմ խօսքեր հնչեցին տարբեր կառոյցների ներկայացուցիչների կողմից, մասնաւորապէս իրենց երախտագիտութիւնը յայտնեցին հերթաբար Թեմական Խորհրդի ատենապետը, Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչը եւ Թեմակալ Առաջնորդը:

Այնուհետեւ խօսք տրւեց մեծարգոյ դեսպանին, որն ընդգծելով Իրանի կարեւոր նշանակութիւնը Հայաստանի Հանրապետութեան համար, յոյս յայտնեց, որ ապագային առաւել ընդլայնւելու են Իրան-Հայաստան փոխշահաւէտ յարաբերութիւններն ու փոխգործակցութիւնը:

Հրաժեշտի ընդունելութեան աւարտին, յանուն ազգային մարմինների յուշանւէր շնորհւեց Պրն. Գրիգոր Առաքելեանին եւ բարի երթի մաղթանքներով փակւեց երեկոն: