Ուրբաթ՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի, տեղի ունեցաւ Տեառնընդառաջի նախատօնակը եւ աւանդական հրավառութիւն` եկեղեցու շրջափակում: Երգեցողութիւնը կատարեց Ս.Ա. վանքի «Տաթեւ» երգչախումբը` ղեկավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի:

Արարողութեան ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Սրբազան Հայրը, ով սկզբում անդրադարձաւ Փրկչի` մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի աշխարհ գալուն եւ տաճար ընծայմանը: Նա իր խօսքի երկրորդ բաժնում կարեւորութեամբ նշելով, որ Յիսուս Քրիստոսն ամենօրեայ ներկայութիւն ունի բոլորիս կեանքում՝ յորդորեց քայլել դէպի Քրիստոսի լոյսը տանող ճամբով, անգամ եթէ դա լինի դժւար, քարքարոտ ու վերիվայրումներով լի ճանապարհ:

Արարողութեան աւարտին տեղի ունեցաւ նորածինների տաճար ընծայման կարգը, ապա աւանդական հրավառութիւն:

Յատկանշելի է, որ Տեառնընդառաջի նախատօնակը պատշաճ արարողութեամբ եւ աւանդական հրավառութեամբ նշւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Յովհաննու եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Եկեղեցիներում կատարւող արարողութիւններից յետոյ, նոյն օրը ժամը 7-ին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան շրջափակում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան, տեղի ունեցաւ հրավառութիւն եւ խրախճանք: Խարոյկը միասնաբար բոցավառեցին թեմակալ առաջնորդն ու անցնող տարւայ բոլոր նորապսակ զոյգերը: Այնուհետեւ բակում Արթին Ղարախանեանի ուրախ երգերի կատարմամբ տօնական մթնոլորտը շարունակւեց, իսկ միութեան սրահում տեղի ունեցաւ ամենամեայ միջոցառումը, որտեղ նորածիններն ու նրանց ծնողները եւ նորապսակ զոյգերը հանդիպեցին առաջնորդ Սրբազան Հօր եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ: Ծրագրին ներկայ էին նաեւ քահանայից դասը, Կրօնական ու Թեմական խորհուրդների, շրջանի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան անդամները:

Սոյն միջոցառումը բացւած յայտարարւեց հանդիսավար Մանիա Ղուկասեանի մաղթանքներով ու ողջոյնի խօսքով: Այնուհետեւ յանուն Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան ելոյթ ունեցաւ մարմնի ատենադպիր Ֆրիդա Ալլահվերդեանը, ով շնորհաւորելով տօնի կապակցութեամբ, բոլոր նորապսակներին, նորածիններին եւ նրանց ծնողներին մաղթեց առողջութիւն եւ յաջողութիւն:

Թեմի Կրօնական խորհրդի անունից արտայայտւեց խորհրդի ատենապետ Արշալոյս Խուդավերդեանը: Նա իր պատգամը փոխանցեց ներկայացնելով Մեծն Կիւրոսի եւ Երւանդ թագաւորի միջեւ տեղի ունեցած մի միջադէպ, որտեղ կարեւորւում էր հայ ընտանիքում ամուսնու եւ կնոջ դերը: Նա վերջում նոյնպէս բոլոր ներկաներին մաղթեց առողջութիւն ու երջանկութիւն:

Ծրագրի շարունակութեան մէջ հրաւիրեալները թեմակալ առաջնորդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ լուսանկարւելուց յետոյ, միասնաբար նախ նորածինների ծնողները, ապա նորապսակ զոյգերը հատեցին իրենց համար նախատեսւած տորթերը:

Նորածինների ծնողների անունից շնորհակալական խօսքով ու բարեմաղթանքներով հանդէս եկան Վաչիկ Հայրապետեանը, Թովմա Գալստանեանը եւ Գայիանէ Սարգսեանը, իսկ նորապսակների կողմից՝ Արփինէ Պօղոսեանը:

Երեկոյի վերջին բաժնում, ձեռամբ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի եւ Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանի, յուշանւէրներ շնորհւեցին փոքրիկներին եւ նորապսակներին, որից յետոյ իր հայրական օրհնանքը փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը: Թեմակալ առաջնորդն սկզբում իր խօսքն ուղղելով նորապսակներին նրանց թելադրեց փոխադարձ սիրով ու հաւատարմութեամբ անաղարտ պահել իրենց ընտանեկան օջախը: Այնուհետեւ նա իր ուրախութիւնը յայտնելով անցնող տարւայ ընթացքում Թեմում 33 նորածիններ լոյս աշխարհ գալու կապակցութեամբ՝ դիմելով ծնողներին աւելացրեց, որ ճիշտ է ասում են, թէ՝ որակն է կարեւոր եւ ոչ քանակը, սակայն առանց քանակի նաեւ որակ չի լինելու: Թեմակալ առաջնորդն իր պատգամն աւարտեց ներկաներին յորդորելով` զաւակներ ունենալ եւ բազմացնել հայ ժողովրդի քանակը: