Երեքշաբթի՝ 2015 թւականի փետրւարի 10-ին, սրբոց Ղեւոնդեանց՝ քահանայութեան եւ քահանաների տօնին, սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի: Պատարագիչն էր Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Ամբողջ թւով ներկայ էր Սպահանի հայոց թեմի քահանայից դասը եւ զգեստաւորւած հետեւում արարողութեանը:

Պատարագիչ Հայր Սուրբը, օրւայ պատշաճ իր քարոզի ընթացքում, բնաբան ունենալով՝ «Մի՛ վա¬խե¬նաք նրան¬ցից, ով¬քեր մար¬մինն են սպա¬նում, բայց հո¬գին սպա¬նել չեն կա¬րող. դուք վա-խե¬ցէ՛ք մա¬նա¬ւանդ Նրա¬նից, որ կա¬րող է թէ՛ հո¬գին եւ թէ՛ մար¬մի¬նը կորստ¬եան մատ¬նել դժոխ¬քում» (Մտ 10.28) աւետարանական հատւածը, անդրադարձաւ Ղեւոնդեանց քահանաների ամուր հաւատին ու քաջութեանը եւ շեշտեց, որ ճշմարիտ եւ արժանի հոգեւորականն այն է, ով օրինակ առնելով Ղեւոնդեանց անունով պսակւած հոգեւորականներից, միայն Աստծու երկիւղն ունենայ իր սրտում եւ անվարան, անսասան ու քաջ կերպով պաշտպանը լինի աստւածային ճշմարտութիւններին ու քրիստոնէական հաւատին: Հոգշ. Հայր Սուրբը շնորհաւորելով քահանաներին իրենց տօնի առիթով, իր խօսքը շարունակեց՝ ասելով, որ հոգեւորականը զօրաւոր է երբ իր հետ ունի իր ժողովրդի աջակցութիւնը, սէրն ու համամտութիւնը: Պատարագիչ Հայր Սուրբը նաեւ իր որդիական շնորհաւորանքն ու բարեմաղթանքը փոխանցեց Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանին:

Ս. Պատարագի աւարտին Հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց Ս. Յովհաննու եկեղեցում ծառայած բոլոր ննջեցեալ քահանայ հայրերի հոգիների խաղաղութեան համար, ապա ներկայ հաւատացեալները Ս. Խորանի առջեւ կանգնած հոգեւորականաց դասին մօտենալով, իրենց շնորհաւորանքն ու բարեմաղթանքները փոխանցեցին նրանց: Արարողութիւնից յետոյ, եկեղեցու սրահում, Նոր Ջուղայի Հայոց եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: Ծրագրի հաղորդավարութիւնը կատարեց օրդ. Անուշ Յովհաննիսեանը, ով մէջընդմէջ մեր եկեղեցու հայրերի խօսքերից եւ Ս. Աւետարանից խրատական գեղեցիկ բաժիններ ընթերցեց՝ ուղղւած հոգեւորականներին: Ընթացքում Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» գրքից աղօթք ընթերցւեց, դպրաց դասի անդամների միջոցով երգեր ձօնւեցին հոգեւորականներին, սրտի խօսքեր ու շնորհաւորանքներ ասացին Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանը, Եկեղեցեաց վարչութեան անդամ Ֆրիդա Ալլահվերդեանը: Հոգեւորականաց դասի անունից շնորհակալութիւն յայտնեց արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորական եւ շնորհակալական խօսքերով եզրափակեց հանդիսութիւնը՝ շեշտելով, որ Հայ եկեղեցին, իբրեւ ազգային եկեղեցի, իր հոգեւորականութեամբ հայոց պատմութեան ամենատարբեր շրջաններում միշտ եղել է հայ ժողովրդի կողքին եւ հրապարակի վրայ՝ ծառայելու եւ առաջնորդելու նրան ու պահպանելու ամէն տեսակ փորձութիւններից: Թեմակալ առաջնորդն անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին, յորդորեց, որ նոյն միասնական ոգով ու յանձնառութեամբ բոլորը պէտք է աշխատեն ըստ արժանւոյն նշելու հայ ժողովրդի պահանջատիրութեան առումով եզակի նշանակութիւն ունեցող ամեակը:

Հիւրասիրութեան աւարտին, Եկեղեցեաց վարչութեան կողմից յուշանւէրներ յանձնւեցին հոգեւոր հայրերին: