Ուրբաթ եւ շաբաթ՝ յունւարի 30-ին եւ 31-ին, երկօրեայ արարողութիւններ տեղի ունեցան Ս. Սարգիս Զօրավարի տօնի առթիւ՝ Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում, որը նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնն էր:

Տօնի առթիւ Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կատարւեցին մատաղի զենման եւ հարիսայի պատրաստման ամենամեայ աշխատանքները, բազմաթիւ հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ:

Ուրբաթ՝ յունւարի 30-ի կէսօրից յետոյ ժամը 3:00-ին, Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ եւ քահանայ հայրերի մասնակցութեամբ կատարւեց աղօրհնէք, այնուհետեւ տեղի ունեցաւ ոչխարների զենում: Նոյն օրը՝ երեկոյեան ժամը 6:00-ին, կատարւեց Հսկումի արարողութիւն:

Շաբաթ՝ յունւարի 31-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում եւ շրջափակում ի մի եկած մեծաթիւ հաւատացեալների ներկայութեամբ եւ մասնակցութեամբ, ժամը 10:00-ին սկսւեց Ս. Պատարագի հոգեպարար արարողութիւնը, որը մատուցւեց հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ: Ուխտաւոր հաւատացեալների շարքում արարողութեանը ներկայ էին նաեւ հոգեւորականաց եւ դպրաց դասերն ու ազգային մարմինների անդամները: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի:

Յընթացս սուրբ եւ անմահ Պատարագի յաւուր պատշաճի քարոզեց հոգշ. Հայր Սուրբը: Նա իր խօսքում անդրադառնալով առհասարակ սուրբերի եւ մասնաւորապէս Ս. Սարգիս զօրավարի կեանքի ու վարքի օրինակին եւ նրանց գործունէութեան կարեւորութեանը՝ հաւատացեալներին  յորդորեց առաւել ամրապնդւել իրենց հաւատի մէջ եւ վարել ճշմարիտ քրիստոնեային վայել կենցաղ, շեշտելով, որ սուրբերը ամենօրեայ ներկայութիւն պէտք է լինեն Յիսուս Քրիստոսին հաւատացող եւ հետեւող անձանց կեանքում, այլապէս, տարին մէկ անգամ սուրբերի տօնը նշելը կը դառնայ ձեւական եւ արժէքից զուրկ արարք:

Հոգշ Տ. Անանիա վրդ Գուճանեանը իր պատգամի աւարտին շնորհաւորելով բոլոր այն անձանց, որոնց անւան տօնն էր, գնահատանքի խօսք ուղղեց Նոր Ջուղայի Հայոց առաքելական եկեղեցեաց վարչութեանը, Կանանց ու Մատաղի յանձնախմբերին եւ բոլոր հաւատացեալներին, ովքեր իրենց նիւթա-բարոյական աջակցութիւնը բերեցին՝ տօնին առնչւող աշխատանքների կազմակերպման ու պատշաճ իրականացման համար եւ իրենց զօրակցութեամբ ու ներկայութեամբ պայծառացրին եկեղեցին:

Ս. Պատարագի արարողութիւնից յետոյ, հոգեւորականաց դասը Ս. Խորան բարձրացաւ եւ Ս. Սարգիս Զօրավարի աջ-մասունքով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն. օրհնւած ջուրը բաժանւեց ներկայ հաւատացեալներին՝ իբրեւ օրհնութեան եւ հաւատի զօրացման, հիւանդութիւնների բուժման եւ դժւարութիւնների փարատման միջոց:

Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ Մատաղօրհնէք. պատրաստւած հարիսայից բաժին ստացան բոլոր ներկաները եւ Ս. Սարգիս զօրավարի տօնի խորհրդին հաղորդ դառնալով, մեծ սուրբի բարեխօսութիւնը խնդրեցին իրենց աղօթքներում: