Երկուշաբթի՝ 2015 թւականի յունւարի 12-ին, Ս. Ամենափրկչեան Վանքի Ծաղկեայ դահլիճում, Սպահանի հայոց թեմի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի հրաւէրով հանդիպում տեղի ունեցաւ ազգային մարմինների եւ 100-ամեակի ենթայանձնախմբերի անդամների ներկայութեամբ:

Հանդիպման բացումը կատարւեց թեմակալ առաջնորգ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի աղօթքով, որին յաջորդեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի նախագահ՝ պրն. Նոէլ Մինասեանի շնորհակալական խօսքը ուղղւած ներկաներին՝ հանդիպմանը մասնակցելու առթիւ: Նա նշելով, որ հաշւած ամիսներ են մնացել Ապրիլ ամսին, յայտնեց, թէ այս հանդիպումը կազմակերպւել է հանրագումարի բերելու մինչ այժմ մեր թեմում կատարւած աշխատանքները, ապա լսելու տեսակէտներ ու առաջարկներ, որոնք կօգնեն Կենտրոնական յանձնախմբին առաւել յաջողութեամբ իրականացնելու աշխատանքները:

Պրն. Նոէլ Մինասեանի հրաւէրով հերթաբար հանդէս եկան Հրատարակչական, ԻԻ խորհրդարանի, Ս. Ա. Վանքի թանգարանի Հայոց ցեղասպանութեան տաղաւարի, Սոցիալական ցանցերի, Ս. Ա. Վանքի տարածքի բարեզարդման, Մշակութային միջոցառումների եւ Ս. Ա. Վանքի Հայոց ցեղասպանութեան յուշարձանի յարակից տարածքի բարեկարգման ենթայանձնախմբերի համակարգողները զեկոյց ներկայացնելով իրենց կատարած աշխատանքների մասին, որի շարունակութեան մէջ ներկաներն առաջարկներ ու տեսակէտներ յայտնեցին աշխատանքների հեզասահ, կարգաւորւած եւ առաւել արդիւնաւէտ ընթանալու համար: 

Այնուհետեւ արտայայտւեց Թեմակալ առաջնորդը: Նա առաջին հերթին շնորհաւորեց ներկաների Նոր տարին եւ Ս. Ծնունդը, մաղթելով բոլորի ընտանիքներին առողջութիւն եւ խաղաղութիւն, ապա ընդգծելով, որ 2015 թւականը իւրաքանչիւր հայի համար պատասխանատւութեան տարի է, յայտնեց, թէ սա մի հանգրւան է մեր դատն ու պահանջը ներկայացնելու ամբողջ աշխարհին: Սրբազան Հայրը կարեւորելով 100-ամեակի առնչութեամբ համահայկական մասշտաբով եւ միասնական ջանքերով հանդէս գալը, շեշտեց արտաքին ճակատի վրայ տարւող աշխատանքների, նաեւ համազգային ընդհանուր ռազմավարութեան եւ պահանջատիրութեան յստակեցման  անհրաժեշտութիւնը: 

Իր խօսքի աւարտին Սրբազան Հայրը բոլորին մաղթեց յաջողութիւն եւ յոյս յայտնեց, որ 2015 թւականը լինելու է հայ ժողովրդի նպատակների իրագործման տարի:

Վերջում ներկաներին բաժանւեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի խորհրդանիշը ներկայացնող կրծքանշաններ: