Երկուշաբթի՝ յունւարի 5-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի հայոց եկեղեցիներում զանգերի ղօղանջի ներքոյ սկսւեց Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի Ս. պատարագի արարողութիւնը: Նոր Ջուղայի Ս. Յովհաննու, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում քահանայ հայրերը եկեղեցական արարողութեան ընդմիջից աւետեցին մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան լուրը:

Ս. Յովհաննու եկեղեցում Ս. պատարագի արարողութեանը նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը: Ս. պատարագը մատուցեց Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ խմբավար Արմէն Ամիրխանեանի:

Յընթացս Ս. եւ անմահ պատարագի, թեմակալ առաջնորդն ընթերցեց Ս. Ծննդեան տօնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը, որի մէջ շնորհազարդ Հայրապետը բնաբան ունենալով աւետարանական «Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» համարը, խօսել էր Քրիստոսի ծնունդի, անցեալում եւ ներկայ ժամանակներում հայ ժողովրդի դիմագրաւած դժւարութիւնների մասին, նաեւ անդրադարձել էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին:

Ս. պատարագի աւարտին, ներկայ հաւատացեալները լսելով Քրիստոսի Ս. Ծնունդը աւետող շարականի «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» բառերը, մոմեր եւ լապտերներ վառեցին եկեղեցու Ս. Սեղանի լոյսից եւ տուն շտապեցին՝ իրենց ընտանիքի անդամների եւ հարազատների հետ միասին ուրախանալու աշխարհի Լոյսի՝ Յիսուս Քրիստոսի փրկարար ծնունդի տօնին:

Յաջորդ օրը, երեքշաբթի՝ յունւարի 6-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Ջուղայի Ս. Բեթղեհէմ, Ս. Մինաս եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում հանդիսաւոր կերպով հոգեւոր հայրերի միջոցով մատուցւեց Ս. Պատարագ: Ս. Բեթղեհէմ եկեղեցում եպիսկոպոսական պատարագ մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը: Քարոզի պահին, բազմաթիւ հաւատաւոր հայորդիներին իր հայրական խօսքը փոխանցեց պատարագիչ Սրբազան Հայրը: Նա Ս. Ծննդեան իր պատգամի մէջ ասաց. «Աստւած ժամանակը հասած համարելով՝ ուղարկեց Իր Միածին Որդուն եւ Իր խոստումը կատարեց,  երբ աշխարհը խաւարի եւ չարութեան մէջ էր ընկղմւած, մարդը հեռացել էր Աստծուց, աստւածային ճշմարիտ պատկերը խաթարւել էր իր մէջ, չէր ճանաչում սիրոյ Աստծուն, որ իր կեանքի Աղբիւրն էր եւ իր սրտի Կրակը... Այո՛, Յիսուս մանուկն էր Փրկիչը աշխարհի: Դժբախտաբար Նրա ծնունդի ժամանակ աշխարհը տեղ չունէր Նրան. Նա ծնւեց անշուք «ախոռում»: Նա դարձաւ կատարեալ մարդ՝ ամբողջապէս, որպէսզի մարդն աստւածանայ: Նա Իր աստւածային բարձրունքից խոնարհւեց, որպէսզի մարդը բարձրանայ եւ մօտենայ Աստծուն: Ահաւասիկ՝ ծնունդը Հրաշքի. մի հրաշք, որ երեսուն տարիներ քայլեց, պատգամեց, բժշկեց եւ հրաշագործեց: Նա եղաւ մանուկների ճշմարիտ բարեկամը: Նա եղաւ աշխարհի թշւառների ու վշտակիրների, խեղճերի, հիւանդների օգնականն ու մխիթարիչը: Նա, ի վերջոյ, եղաւ մեղաւորների եւ արհամարհւածների ճշմարիտ կարեկիցը»: Առաջնորդ Սրբազան Հայրն անդրադառնալով Հայոց ցեղասպանութեանը եւ այս օրերին աշխարհում տիրող չարութեամբ, ատելութեամբ ու վրէժխնդրութեամբ լեցուն գործողութիւններին՝ իր պատգամն աւարտեց հետեւեալ բառերով. «Այսօր մարդկութիւնը մէկ անելիք ունի՝ իր հայեացքը դարձնել դէպի Բեթղեհէմ՝ արդարութիւնն ու խաղաղութիւնը վերահաստատելու, իր հայեացքը դարձնել դէպի Գողգոթա՝ լսելու Փրկչի ձայնը՝ «Ես յաղթեցի աշխարհին», իր հայեացքը դարձնել դէպի Ս. Յարութեան տաճար, յարուցեալ Քրիստոսի հետ մաքրւելու եւ վերածնւելու»:

Ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ Ջրօրհնէքի հոգեպարար եւ սպասւած արարողութիւնը: Ս. Հոգին խորհրդանշող աղաւնին շուքով եւ թափօրով շրջեց հաւատաւոր ժողովրդի մէջ եւ եկեղեցու Ս. Խորան տարւելով, աղօթքների եւ շարականների հնչման ներքոյ առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ Ս. Միւռոնի հեղումով օրհնւեց եւ սրբագործւեց ջուրը, որը բաժանւեց համբերութեամբ սպասող հաւատացեալներին, ովքեր արարողութեան միջոցով հաղորդ դառնալով Քրիստոսի Ս. Մկրտութեանն ու Աստւածայայտնութեանը, միւռոնալից ջուրն իբրեւ օրհնութիւն, բժշկութիւն եւ աստւածային պարգեւ ըմպեցին եւ տուն տարան՝ Ս. Հոգու շնորհներով հարստացնելու եւ ողողելու իրենց բնակարանները:

Նոյն օրը, կէսօրից յետոյ, Ջրօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ նաեւ Նոր Ջուղայի Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Յովհանու եկեղեցիներում, իսկ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի նախագահութեամբ եւ հոգեւորականաց դասի մասնակցութեամբ երեկոյեան ժամը 5:30-ին, Ջրօրհնէքի կարգ կատարւեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում, որից յետոյ, առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում Սրբազան Հայրն ընդունեց Ս. Ծննդեան տօնի առթիւ շնորահաւորանքները: 

Բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ: