Կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, ինչպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերի եկեղեցիներում, այնպէս էլ Սպահանի հայոց թեմում՝ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում եւ Շահինշահրի “Սրբոց Վարդանանց” դպրոցի սրահի մէջ  տեղի ունեցող Ս. եւ անմահ Պատարագի ընթացքում, ընթերցւեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական սրբատառ կոնդակը:

Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցող արարողութեանը նախագահում էր Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը, ներկայ էին նաեւ հիւրաբար Նոր Ջուղայում գտնւող Տ. Վարուժան արքեպս. Հերկէլեանը, հոգեւորականաց դասը, ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատաւոր ժողովուրդ: Հայրապետական սրբատառ կոնդակը Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի միջոցով թափորի ընկերակցութեամբ բարձրաւեց Ս. խորան, որտեղից ի լուր ներկայ հաւատացեալների ընթերցւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր միջոցով:

Շահինշահրում եւս, Ս. Պատարագի արարողութեան ընթացքում հայրապետական կոնդակն ընթերցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի միջոցով: