Հինգշաբթի՝ դեկտեմբերի 25-ին, Ս. Ստեփանոս Նախավկայի տօնի օրը, Նոր Ջուղայի նոյնանուն եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի, սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ Տ. Վարուժան արքեպս. Հերկէլեանի, որին սպասարկում էին Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը եւ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան վանքի “Կոմիտաս” երգչախումը, ղեկավարութեամբ՝ Արմէն Ամիրխանեանի: Արարողութեանը ներկայ էին թեմի հոգեւորականաց դասը, ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ: 

Խորհրդաւոր զուգադիպութեամբ, Ս. Ստեփանոսի տօնին զուգահեռ նշւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցու կառուցման 400-ամեակը: Սոյն առիթն իր սրբատառ կոնդակով շնորհաւորել էր  Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, որն ընթերցւեց թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի միջոցով, հաւատաւոր ժողովրդի յոտնկայս ունկնդրութեամբ:

Կոնդակի ընթերցումից յետոյ, յաւուր պատշաճի քարոզեց Տ. Վարուժան արքեպս. Հերկէլեանը: Նա իր քարոզի ընթացքում անդրադառնալով Ս. Ստեփանոս Նախավկայի անձի եւ գործունէութեան մասին, յորդորեց սարկաւագներին օրինակ վերցնել քրիստոնեայ առաջին մարտիրոսից՝ իրենց կեանքն ընծայելով ճշմարտութեան քարոզութեանն ու հաւատի պաշտպանութեանը: Պատարագիչ Սրբազան Հայրն ակնարկելով Նոր Կտակարանում Ս. Ստեփանոս նախասարկաւագի մասին գրւած բառերին՝ «Ստեփանոսը Աստծու շնորհով եւ զօրութեամբ լցւած մի մարդ էր», շեշտեց, որ իւրաքանչիւր մարդ, ի մասնաւորի եկեղեցու ծառայութեանը լծւած անհատ, Աստծու կողմից իրեն տրւած շնորհները պէտք է օգտագործի ի փառս Աստծու եւ իր եկեղեցու:

Ս. Պատարագի աւարտին բեմ բարձրացաւ հոգեւորականաց դասը, որի միջոցով եւ առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ, Ս. Ստեփանոսի աջ-մասունքով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Ս. Ստեփանոս եկեղեցու բակում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան եւ եկեղեցու Տիկնանց յանձնախմբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում սարկաւագներին իրենց տօնի առթիւ շնորհաւորանքներ փոխանցեցին Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, ով միաժամանակ վարեց միջոցառումը, Կրօնական խորհրդի ատենապետ Արշալոյս Խուդավերդեանը եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան ներկայացուցիչ Ֆրիդա Ալլահվերդեանը: Հիւրասիրութեան ընթացքում հնչեցին նաեւ երգեր ու ասմունքներ, որոնց միջոցով առաւել ջերմութիւն հաղորդւեց ծրագրին: 

Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը Եկեղեցեաց վարչութեան միջոցով պատրաստւած նւէրները յանձնեց սարկաւագներին եւ եզրափակելով կոկիկ յայտագրով միջոցառումը, իր հայրական խօսքը փոխանցեց, շեշտելով, որ եկեղեցու սպասաւորների կոչումն է առաւել խոնարհութեամբ, մաքրութեամբ եւ ամենայն պատասխանատւութեամբ սպասարկել Ս. Սեղանին, ծառայել Աստծուն, եկեղեցուն եւ եկեղեցու հաւատաւոր զաւակներին: Թեմակալ առաջնորդը մեծ պատիւ եւ հպարտութեան առիթ համարեց եկեղեցու կառուցման 400-ամեակի նշումը՝ այն նկատելով իբրեւ հայի կառուցողական ոգու եւ բազում դժւարութիւններին դիմակայելու ունակութեան փաստն ու վկան:

Վերջում ներկաները շնորհաւորեցին տիրացուներին՝ իրենց տօնը եւ բարի ծառայութիւն մաղթեցին նրանց: