Շաբաթ՝ դեկտեմբերի 20-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի, Ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւոր Ս. Աբգարի տօնի առթիւ եւ Աբգարեան բարերար գերդաստանի յիշատակին, որը 1841 թւականին հիմնադիրը հանդիսացաւ Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Հայկեան Հայրենասիրական» դպրոցի: Օրւայ պատարագիչն էր նոյն եկեղեցու ծխատէր քահանայ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Արարաողութեանը մասնակցել էին նաեւ թեմի հոգեւորականաց դասը եւ երգեցողութեամբ՝ Ս. Ամենափրկիչ վանքի “Կոմիտաս” երգչախումբը: 

Ս. պատարագին ներկայ էին Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամները, Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի սաները, ընկերակցութեամբ դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի ու Ծնողական խորհրդի անդամների եւ հաւատացեալ ժողովուրդ:

Արարողութեան ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Սկզբում Սրբազան Հայրն անդրադառնալով Ղուկաս աւետարանի 7-րդ գլխի 1-10-րդ համարներում նշւած պատմութեանը, որտեղ մի հարիւրապետ իրեն Քրիստոսի այցելութեանն արժանի չհամարելով, խնդրել էր Փրկչին խօսքով բուժել իր հիւանդ ծառային, մէջբերեց Քրիստոսի այն խօսքը, որը նոյն հարիւրապետի հաւատի մասին իմանալով ասել էր. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրաէյլի մէջ անգամ այսպիսի հաւատ չգտայ»: Թեմակալ Առաջնորդն իր հայրական օրհնանքի շարունակութեան մէջ անդրադարձաւ նաեւ հայոց Աբգար թագաւորի ամուր հաւատին, ով երբ հիւանդացաւ, նամակ յղեց Քրիստոսին, որպէսզի Տէրը հեռւից բուժի իրեն: Սրբազան Հայրն առանձնապէս յիշեց Աբգարեան բարերար գերդաստանին եւ յորդորեց փոքրիկներին ջանասիրաբար սովորել ու գիտութեամբ հարուստ մեծանալ: 

Արարողութեան ընթացքում մանկապարտէզ-նախակրթարանի բոլոր սաներն ու ներկայ ժողովուրդը հաղորդութիւն ստացան:

Ս. պատարագից յետոյ, եկեղեցու բակում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան յանձնարարութեամբ եւ մանկապարտէզ-նախակրթարանի Ծնողական խորհրդի միջոցով պատրաստւած գունագեղ փաթեթաւորմամբ մրգերը, Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տ. Յովհաննիսեանի եւ Ն.Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամուհի Անժել Ղարախանեանի միջոցով բաժանւեցին սաներին: 

Այնուհետեւ Սբ. Աստւածածին եկեղեցու Տիկնանց յանձնախմբի կազմակերպութեամբ եկեղեցու սրահում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն, որտեղ մանկապարտէզի սաներից ոմանք ասմունքեցին դպրոցում սովորած գեղեցիկ բանաստեղծութիւններից: Հիւրասիրութեան աւարտին առաջնորդ Սրբազան Հայրն իր օրհնութիւնը փոխանցելով ներկաներին, նախ գնահատանքի խօսք ուղղեց մանկապարտէզ-նախակրթարանի աշխատակազմին՝ ջանասիրաբար աշխատելու համար, ապա Նոր տարւայ սեմին բոլորին մաղթեց առողջութիւն եւ յաջողութիւններով լի տարի, ցանկանալով, որ 2015 թւականին, որը հհամընկնում է Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, համայն հայութիւնը վերանորոգւած հաւատով կը շարունակի իր հաւաքական պահանջատիրական պայքարը: