Շրջանի Հայ դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ «Ռուբէն» երիտ. միութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ի երեկոյեան ժամը 7:30-ից, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ նւիրահաւաք՝ «Հեռուստամարաթոն  2014»-ի շրջագծում:

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամներից բացի, նւիրահաւաքի կենտրոն այցելելով նւիրատւութիւն կատարեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Իրանի իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը, շրջանի Հայ դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ ու Թեմական խորհրդի հրաւէրով Նոր Ջուղա ժամանած «Ոսկէ Ծիրան» կինօփառատօնի մրցանակակիր, «Թեւանիկ» ֆիլմի ռեժիսոր՝ Ջիւան Աւետիսեանը: 

Ինչպէս նախորդ տարիների, այս տարի եւս համահայկական այս միջոցառմանն իրենց մասնակցութիւնն էին բերել թեմի ազգային իշխանութիւնը, միութիւնները եւ հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնը:

Արդիւնքում գոյացած գումարը գերազանցեց նախորդ տարիներին: