Երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ի առաւօտեան ժամը 10:45-ին,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, ուր մեծ խանդավառութեամբ նրան էին սպասում Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտներն ու պատասխանատուները: Վեհափառ Հայրապետին ընկերակցում էին Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ առաջնորդները, Թեհրանի ու Սպահանի հայոց թեմերի հոգեւորականաց դասի եւ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները:

Աշակերտութեան հետ հանդիպումն սկիզբ առաւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի անդամ Ջանսոն Աղաբաբայեանի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքով, որից յետոյ ներկայ աշակերտութեան անունից Վեհափառ Հօրը բարիգալստեան խօսք ասաց Շաղիկ Մատթէոսեանը, ով շնորհաւորելով “Սբ. Յովսէփ Արեմաթացի” եկեղեցու տօնի կապակցութեամբ, մանկապարտէզից մինչեւ միջնակարգ, իւրաքանչիւր դպրոցին առանձնաբար հրաւիրեց հանդէս գալ երգերի ու ասմունքների խմբական եւ անհատական կատարումներով: Աշակերտական գեղեցիկ ելոյթներով յագեցած գեղարւեստական ծրագրից յետոյ  Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս Չարեանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին հրաւիրեց իր հայրապետական պատգամը փոխանցելու:

Վեհափառ Հայրապետն իր ուրախութիւնը յայտնելով մի անգամ եւս Նոր Ջուղայի աշակերտութեան հետ հանդիպելու համար, անդրադարձաւ աշակերտական ելոյթների շարանում տեղ գտած հայերէն լեզւին, հայրենիքին եւ քրիստոնէական հաւատքին նւիրւած երգերին ու ասմունքներին եւ նրանց յորդորեց ամուր պահել իրենց հաւատքը, հայերէնը ճիշտ սովորել ու ճիշտ խօսել, պաշտպանել հայրենիքը եւ այն միշտ ունենալ իրենց սրտում: Արամ Ա Կաթողիկոսն իր պատգամի աւարտին գնահատանքի խօսք ուղղեց թեմի թեմակալ առաջնորդին, ազգային մարմիններին եւ դպրոցների պատասխանատուներին, որոնք իրենց աշխատանքով հայ դպրոցը պահում են իր նւիրական առաքելութեան ճիշտ ուղու վրայ: 

Հանդիպումն աւարտւեց դպրոցի պատասխանատուների կողմից կազմակերպւած հիւրասիրութեամբ:

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան