Շաբաթ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյեան ժամը 5-ից, Նոր Ջուղայի հայոց ազգային ծերանոցի շրջափակում տեղի ունեցաւ դաշտահանդէս նւիրւած Տարեցների տարւան, մասնակցութեամբ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների տարեցների, ծերանոցի բնակիչների եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիների:

Հայ Կանանց Գթութեան միութեան Տարեցների տարւայ միջոցառումների կազմակերպիչ յանձնախմբի նախաձեռնութեամբ իրականացւած այս դաշտահանդէսը, բացւած յայտարարւեց նոյն միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանի բարի գալստեան խօսքով, ով այսպէս ասաց. “Տարեցները մեր տան յոյսն ու լոյսն են, եւ մենք պարտականութիւն ունենք յարգենք, սիրենք ու խնամենք նրանց: Այսօր ի մի ենք եկել տօնելու այն սիրելիների տօնը, որոնք մեր անցեալի  ատենակալն ու ապագայի երթն են”:

Այնուհետեւ միջոցառման հանդիսավար Հայդուկ Վարդեւանեանը, գեղեցիկ ու հաճելի հումորներով եւ խօսքերով երեկոն անմոռանալի դարձրեց ներկաների համար:

Ծրագրում ուրախ երաժշտութիւնից բացի տեղ էին գտել զանազան մրցութիւններ, որոնց արդիւնքում պարգեւատրւեցին յաղթողները: Մրցոյթների շարանում ուշագրաւ էր յատկապէս գիտելիքների մրցոյթը, ինչը մեծ խանդավառութիւն ստեղծեց տարեցների մօտ: Պարգեւատրւեցին նաեւ ներկաների մէջ ամենաշատ թոռ եւ թոռան զաւակ ունեցող տարեցները:

Ընթացքում Հայ կանանց Գթութեան միութեան անդամուհիների կողմից  պատրաստւած խմորեղէններով եւ պատառիկներով հիւրասիրւեցին բոլորը, իսկ տարեցներից ոմանք երեկոն առաւել պայծառացրին իրենց կատարած երգերով ու ասմունքներով:

Ծրագիրն իր աւարտին հասաւ երեկոյեան ժամը 9-ին: