Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան հրաւէրով Իրան ժամանած Լազարեանի անւան իրաւագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների ինստիտուտի դասախօսներից եւ ուսանողներից բաղկացած պատւիրակութիւնը, Չորեքշաբթի՝ 8 Հոկտեմբերի առաւօտեան այցելեց Ս. Ամենափրկիչ Վանք: 

Խումբն նախ այցելեց Ս. Ա. Վանքի եկեղեցի եւ թանգարան, այնուհետեւ “Ծաղկեայ դահլիճ”-ում հիւրընկալւեց Թեմիս թեմակալ առաջնորդ՝ Գերշ. Տէր  Բաբգէն Եպս. Չարեանի, Թեմական Խորհրդի անդամներ՝ Նոէլ Մինասեանի եւ Քառոլին Դիլանչեանի եւ Երիտասարդական Խորհրդի կողմից:

Ողջոյնի եւ բարիգալստեան արտայայտութիւններից յետոյ, Սրբազան Հայրն իր խօսքն ուղղելով Հայաստանից ժամանած ուսանողներին, կարեւորելով նրանց առաքելութիւնը որպէս գիտակից եւ կրթւած խաւի ներկայացուցիչներ, նրանցից ակնկալեց հայ ժողովրդի իրաւունքների ներկայացման դեսպանն ու թարգմանը հանդիսանալ միջազգային ասպարէզներում:

Լազարեան ինստիտուտի միջազգային յարաբերութիւնների տնօրէն՝ Անահիտ Ռուստամեանն իր ուրախութիւնը յայտնեց Նոր Ջուղայում գտնւելու կապակցութեամբ եւ գնահատանքով արտայայտւեց հայապահպանութեան ուղղութեամբ Իրանում  տարւող աշխատանքների վերաբերեալ: Նա դիմելով Իրանի հայ ուսանողներին, նրանց յորդորեց իրենց գիտական յօդւածներն եւ հետազօտութիւնները տրամադրել՝ Հայաստանի գիտական թերթերում հրապարակելու համար:

Այնուհետեւ արտայայտւեց Լազարեան ինստիտուտի միջազգային յարաբերութիւնների ամբիոնի վարիչ՝ Գուրգէն Վարդանեանը: Նա իր խօսքերի մէջ տեղեկացնելով, որ Իրանի տարբեր համալսարաններից բազմաթիւ առաջարկներ են ստացել Իրանի եւ Հայաստանի միջեւ ուսանողների փոխանակման առնչութեամբ, յոյս յայտնեց, որ այն հիմք է հանդիսանալու երկու հարեւան երկրների միջեւ արդէն իսկ զգալի աճ արձանագրած կրթական շփումների համար:

Հանդիպման շարունակութեան մէջ արտայայտւեց Թեմական Խորհրդի ատենապետ՝ Նոէլ Մինասեանը, ով ողջունելով պատւիրակութեան ներկայութիւնը Նոր Ջուղայում, հանգամանօրէն տեղեկութիւններ փոխանցեց Թեմի երիտասարդութեան համար առաւել նպաստաւոր պայմաններ ստեղծելու նպատակով ազգային իշխանութեան կողմից տարւող աշխատանքների շուրջ: Ապա ծանօթացման գծով ներկայացրեց Նոր Ջուղայում գործող երիտասարդական կառոյցները:

Խօսք առնելով Թեմի Երիտասարդական Խորհրդի ներկայացուցիչ՝ Նինելիա Աբրահամեանը, ընդհանուր գծերով տեղեկութիւններ փոխանցեց Խորհրդի գործունէութեան վերաբերեալ, եւ մատնանշեց երիտասարդութեան համար թեմում առկայ հնարաւորութիւններն ու դժւարութիւնները: 

Հանդիպման աւարտին, պատւիրակութեան անդամներն իրենց մտածումները կիսեցին իրանահայ համայնքի մասին եւ բարձր տպաւորութեամբ թողեցին Ս. Ա. Վանքը: